Հայաստանի նախագահի հրավերով Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր պաշտոնական այցով ժամանեց Երևան։ Այցի շրջանակներում կողմերը խոսելու են երկու երկրների հարաբերությունների վրեաբերյալ, ինչպես նաև նախատեսվում է անց կացնել հայ-իրանական բիզնես ֆորում։ Երկու երկրների նախագահները հանդես կգան նաև պաշտոնական մամլո ասուլիսով։ Այս այցը երևի թե ամենագլխավոր ու սպասված այցերից մեկն է Հայաստանի համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրեցօր մեր երկիր ավելի ու ավելի քիչ բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում։ Իրանի դերի մասին ոչ միայն տարածաշրջանում, այլ Հայաստանի համար առհասարակ շատ կարևոր է, ու կարիք չկա դրանց մասին լրացուցիչ բարձրաձայնել։ Միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ համաձայնության գալուց հետո Իրանը հավակնում է դառնալ տարածաշրջանում շատ լուրջ խաղացող, ու բազմիցս է խոսվել, որ Հայաստանը պետք է իր հարևանի հետ հարաբերությունները ավելի դինամիկ կերպով զարգացնի, ինչը, հանուն անկեղծության պետք է ասել, առայժմ այդքան էլ այպդես չէ՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Այցը, բացի բովանդակային մասից, ունի նաև սիմվոլիկ բնույթ ու քաղաքական նշանակություն։ Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու էր ժամանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Իլհամ Ալիևի հետ քննարկել էր երկկողմ երկրների հարաբերությունները, ու խոսակցություններ կային, որ նրանք նաև պայմանավորվածություններ ունեն ռազմական մի շարք կարևորագույն հարցերում։ Այս առումով շատ կարևոր է, որ շուրջ երեք տարի տևած խոսակցություններից հետո քաղաքական հենց այս մրցափուլում ու հենց Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների սերտացման պայմաններում Ռուհանիի այցը ի վերջո տեղի ունեցավ։ Բազմիցս է խոսվել, որ Հայաստանը, ճիշտ է, ունի ջերմ հարաբերություններ Իրանի հետ, սակայն քաղաքական ու տնտեսական առումով այդ հարաբերությունները դեռևս հեռու են իդեալական լինելուց։ Դրան, ինչպես ասացինք, խանգարում են մի շարք պատճառներ, որոնցից ամենագլխավորը թերևս Հայաստանի կախվածությունն է Ռուսաստանից։ Եվ հենց Ռուհանիի այցի ձգձգումն էլ շատերը կապում էին նրա հետ, որ դրան դեմ էր արտահայտվում Ռուսաստանը, ոչ թե անմիջական, այլ պարզապես հասկացնել էր տալիս։ Սակայն կարևորը այն է, որ այցը տեղի ունեցավ, և հիմա գլխավորը հենց վերոնշյալ հարաբերությունների խորացումն է։ Հայաստանը կարող է Իրանի համար կամուրջ դառնալ դեպի Սև ծով։ Շատ-շատ իրատեսական է։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես ճկուն դիվանագիտություն ու քաղաքական կամք։ Գազի հարցում Հայաստանով դեպի Վրաստան գազամուղի հարցը շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Խոսակցություններ կային, որ այդ հարցն էլ կարծես թե կարգավորվում է, ու Ռուսաստանը դրան դեմ չէ, միայն պայմանով, որ Հայաստանով անցնող գազամուղի աշխատանքները ինքը վերահսկի։ Դա կարծես թե բոլոր կողմերին էլ բավարարում է։ Էլ չխոսած, որ Հայաստանը պետք է բիզնես միջավայրում ավելի համարձակ քաղաքականություն իրացնի ու բարձրացնի արտահանման աճը, տեմպերը, որպեսզի կարողանա մրցակցել Իրանի հետ։ Ամեն դեպքում հուսանք, որ Ռուհանիի այցը իսկապես նպաստավոր կլինի Հայաստանի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: