Առաջին անգամ որոշեցի գրել, պատճառը եղավ այն, որ արդեն սրտխառնոց է առաջացնում երկրի ներքաղաքական վիճակը, և այն, որ բոլորը ճիշտ են և չեն հարգում դիմացինի կարծիքը, ցանկությունները և, վերջիվերջո, իրավունքները: Այն, որ Հայաստանը կիսվել է մի քանի մասի, դա փաստ է, և դրա մեղավորները միայն մենք ենք, մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս: Ենթարկվելով շատերի պռովոկացիաներին և անիմաստ հայտարարություններին` շտապում ենք մեր կարծիքն արտահայտել, և շատ կարևոր է, որ այդ կարծիքի մեջ լինեն վիրավորական նախադասություններ մեր կարծիքը մեզ հետ չկիսողների հասցեին: Դարերից եկող մի պարզ ճշմարտություն կա՝ մեր բոլոր պարտությունների պատճառը եղել է մեր ոչ միասնական լինելը, և երբ մենք զբաղված էինք պաշտոն կիսելով, պատիվ պահանջելով և մեզ ծախելով, միշտ կոտորվել ենք թշնամու սրից: Եվ ցավն այն է, որ դա, ինչպես տեսնում ենք, մեզ դաս չի եղել: Եվ երբ մենք նորից զբաղված ենք պաշտոնի կռվով, երբ համալսարաններում արդեն գործը հասել է հայհոյանքների և ծեծկռտուքների, սահմաններում նորից մեզ են սպանում: Եվ շատ հասկանալի է` ինչու: Եթե մենք չենք հարգում մեզ, եթե մենք հայհոյում ենք Հային մենակ նրա համար, որ մեր կարծիքները չեն համընկնում, բա թուրքից ի՞նչ ենք ուզում: Վերջերս ականատես եղա ուսանողների վեճի, իրար վիրավորում էին, և այդպես էլ չհասկացա, թե ինչու: Մեկը ուզում է դասադուլ անել, մյուսը ուզում է գնալ դասի և ստանալ այն, ինչի համար վճարում է, էլ ինչու՞ եք կռվում, դու գնա քո դասադուլին, դու էլ գնա քո դասին, բայց չէէէէ, ո՞նց, ես դասադուլ եմ անում՝ դու էլ պիտի անես, եթե չես անում, ուրեմն իշխանությունների ստրուկն ես, կամ ես գնում եմ դասի՝ դու էլ պիտի գնաս (ինչը, անկեղծ ասած, չի հանդիպել): Համենայն դեպս ճիշտ չէ, որ հարգարժան Սերժ Սարգսյանի կամ հարգարժան Րաֆֆի Հովհաննիսյանի համար իրար հայհոյենք կամ կռվենք: Հերիք ա մենք մեզ ներսից թուլացնենք, հերիք ա ատենք միմյանց, հերիք ա թույլ տանք, որ մեր թշնամիները հզորանան, իսկ մենք իրար ուտենք: Ավելի լավ կլինի, որ հարգենք մեզ, մեր դիմացինին, կատարենք մեր պարտականությունները և պահանջենք, որ մեր իրավունքները հարգեն: Սիրենք մեր երկրը, մեր քաղաքը, մեր գյուղը և նոր խոսենք հայրենասիրությունից, որ հպարտանանք նրանով, որ ՀԱՅ ենք, ամենահին ազգերից մեկը, դառնանք մի բռունցք, ուժեղ բռունցք, որը միշտ պատրաստ կլինի պաշտպանել մեր հողը, մեր մայրերին, մեր քույրերին և երեխաներին: Եվ ոչ դառնալ 2 բռունցք և իրար խփել:



