Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում և ավելի շիկացնում առանց այն էլ շիկացած մթնոլորտը։ Դեպքը, սակայն, ունի մի քանի նրբերանգներ և առանձնանում է թուրք-ռուսական հարաբերությունների նախորդ էսկալացիաներից նրանով, որ այս անգամ միգուցե ավելի սերտանան այդ հարաբերությունները։ Ռուս և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները արդեն իսկ նախագահների մակարդակով հայտարարել են, որ այս գործողությունը միտված էր խաթարել երկու երկրների միջև ծավալվող հարաբերությունների դրական դինամիկան, ինչը իր հերթին խաթարվել էր երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ։ Խոսքը ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման մասին է, երբ Սիրիայի օդային տարածքում թուրքերը ռուս օդաչուներով համալրված օդանավ էին խոցել։ Եվ ուրեմն՝ ի՞նչ կարող էր նշանակել դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը։ Եթե ռուս և թուրք պաշտոնյաները արձանագրում են, որ այս դեպքը միտված է խաթարել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները, ապա սլաքները միանգամից ուղղվում են դեպի արևմուտք։ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի և գլխավորապես ԱՄՆ-ի հետ վերջին ժամանակներս ունեցած բարդ հարաբերություններն ու Ռուսաստանի հետ նորովի մերձեցումը ակնհայտորեն դուր չէր գալիս ո՛չ եվրոպացի պաշտոնյաներին և ո՛չ էլ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությանը։ Հանցագործը, ինչպես արդեն հայտնի է, թուրքական ոստիկանության աշխատակից էր, որը Կառլովին սպանեու պահին բարձրաձայնել է սիրիական ճգնաժամի վերաբերյալ ու ասել, որ ոչ ոք չպետք է մոռանա, թե ինչ է տեղի ունենում այժմ Սիրիայում։ Ռուսական ու թուրքական կողմերը, ինչպես գիտենք, լայնորեն ներառված են այդ կոնֆլիկտում, որտեղ ռուսական զորքերը աջակցում են սիրիական կառավարական ուժերին, իսկ Թուրքիայի հիմնական խնդիրն էլ՝ թույլ չտալ Սիրիայի ու Թուրքիայի սահմանին գտնվող քրդերին միավորվել։ Այս առումով ավելի է ուրվագծվում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցումը։ Չի բացառվում, որ դեսպանի սպանությունը նոր խթան հանդիսանա հետագա համագործակցության ավելի լայն ձևաչափի համար, մանավանդ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է զանգահարել և զեկուցել Ռուսաստանի նախագահին ու հայտնել դեպքի վերաբերյալ։ Քանի դեռ չի սկսվել նախաքննությունը, և որևէ բան հայտնի չէ, մնում է միայն դատողություններ անել։ Թուրքիան, ըստ էության, հերթական անգամ Արևմուտքին կմեղադրի իր ներքին հարցերին խառնվելու համար, Ռուսաստանն էլ, որոշ վերապահումներով, նույնը։ Առայժմ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը կարծիք չի հայտնել դեպքի վերաբերյալ, սակայն սլաքները ամեն դեպքում ուղղվում են դեպի այդ երկիր։ Ռուս-թուրքական բևեռը կարծես թե դառնում է իսկապես այլընտրանք ԱՄՆ-ի համար։ Սակայն գոյություն ունի, իհարկե, երկրորդ տարբերակը, որը ավելի շատ կհետաքրքրի դավադրապաշտներին։ Իհարկե, Ռուսաստանն ու Թուրքիան իրենք էլ կարող էին նմանատիպ գործընթաց սկսել սեփական մերձեցումն է՛լ ավելի արագացնելու համար։ Սրանք, սակայն, միայն եզրակացություններ են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/203606456713088?notif_t=close_friend_activity¬if_id=1482231730960553
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել