Գնային կոլապսի վտանգ նավթի շուկայում
Վերջին երեք տարիների ընթացքում նավթի գների տատանումները արդեն սովորոկան երևույթ են դարձել: Չնայած դրան՝ յուրաքանչյուր այդպիսի տատանում գնային շոկ է առաջացնում էներգակիրների շուկայում: Թերևս այդպիսի մի շոկ էլ սպասվում է առաջիկայում, քանի որ վերջերս Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Բիժան Զանգանեհը հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը` ՕՊԵԿ-ը և կազմակերպության անդամ չհանդիսացող 11 երկրները որոշել են նավթի արդյունահանման ծավալը նվազեցնել 2017 թվականի հունվարի 1-ից։
Ըստ Զանգանեհի՝ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող 11 երկրները համաձայնել են նավթարդյունահանման օրական ծավալը նվազեցնել 600.000 բարելով, իսկ ՌԴ-ն՝ մինչև 300 հազար բարելով: Այս դեպքերից հետո «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը կարծիք էր հայտնել, որ ՕՊԵԿ-ի որոշումը կհանգեցնի ածխաջրածինների գների բարձրացման: Միլլերը հայտարարել է, որ 2017թ-ին Եվրոպա գազ մատակարարվող գազի գինը կբարձրանա:
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ ՕՊԵԿ-ի որոշման պատճառով ոչ միայն կթանկանա բենզինի, այլ նաև գազի գինը, քանի որ համաշխարհային շուկայում գազի, բենզինի մանրածախ գինը որոշվում է նավթի գնով: Համաշխարհային շուկայում տեղի ունեցող ցնցումներն ազդում են բոլորի վրա: Ցավոք, իրավիճակից ելնելով՝ այս ամենից կարող է անմասն չմնալ նաև Հայաստանը: