Սեյրան Օհանյանի քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցությունը այլևս կայացած փաստ է։ Այդ մասին տեղեկացրել է հենց ինքը՝ ՊՆ նախկին նախարարը, ոչ ավել, ոչ պակաս, ֆեյսբուքյան իր նորաբաց էջում։ Օհանյանի ֆենոմենը։ Նախկին նախարարը հիրավի հանդիսանում է Հայաստանի Երրորդ Հանրապետության պետականաշինության կերտողներից մեկը։ Մարդ, ով, սակայն, այդ ամբողջ ժամանակահատվածում գտնվել է ստվերում, նախընտրել անել իր գործն ու ի պաշտոնե լինելով քաղաքական ֆիգուր՝ մշտապես առաջնորդվել է այն սկբունքով, որ զինվորականությունը պետք է հեռու մնա քաղաքական խաղերից ու ավանտյուրաներից՝ ծառայելով բացարձակապես պետությանն ու սեփական երկրին։ Այժմ հայտարարելով իր որոշման մասին՝ մտնելու ակտիվ քաղաքականություն, պարզ է, որ Օհանյանը հանդես չի գալու իշխանական ճամբարում, այլ նրա նոր հանգրվանը լինելու է ըննդիմադիր դաշտը, թե կոնկրետ ինչ ձևաչափով ու որտեղ, դեռ հայտնի չէ։ Իսկ ի՞նչն է ստիպել նրան այդ քայլին գնալու։ Ամենայն հավանականությամբ, եթե սա Սերժ Սրագսյանի հերթական մանյովրը չէ քաղաքական դաշտում ընտրություններից առաջ հետաքրքրություն մտցնելու, Օհանյանը կհամալրի ՀՀԿ ղեկավարից նեղացածների ճամբարը։ Դրանք այս պահին իսկապես քիչ թիվ չեն կազմում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ խոսակցությունները շատ են այն մասին, որ Սեյրան Օհանյանը կհամագործակցի ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի հետ, ով հրաժարականի դիմում էր գրել ու իր անհամաձայնությունը հայտնել ՀՀ իշխանություններին։ Ավելին՝ Դալլաքյանը հայտարարեց, որ եղել է մերժված նախագահի կողմից և իրեն օգտագործված է զգում։ Սա, իհարկե, կարող է տեղի ունենալ՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի՝ իրեն պետք չեղած մարդկանց դռան տեղը ցույց տալու բնավորությունը։ Սակայն Օհանյանի դեպքը ուրիշ է։ Բացի նախարար-նախագահ հարաբերություններից՝ այս երկու մարդկանց կապում են նաև ընկերական հարաբերությունները, անցած մարտական ուղին, և շատ դժվար է այժմ պատկերացնել, թե ինչպես է հարթակ բարձրանալու Սեյրան Օհանյանն ու քննադատելու իր նախկին ղեկավարին ու գործընկերոջը։ Այնպես չէ, որ հայ հանրության համար դա անակնկալ է լինելու (հայ հասարակությունը քաղաքական դաշտում սրանցից ավելի վատ աղճատումներ էլ է տեսել), փոխարենը էլ ավելի բյուրեղացած ըննդիմադիր դաշտին մի նոր հարված է սպասվում։ Ինչ մնում է անձամբ Սեյրան Օհանյանին, բավականին հետաքրքիր կլինի լսել, թե հատկապես ինչը դրդեց նրան քաղաքական գործունեությամբ զբաղվելու և, ի վերջո, միգուցե Օհանյանը բարձրաձայնի իր հրաժարականի էական դրդապատճառները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: