Աշխարհը երբեք տեխնոլոգիապես այնքան զարգացած չի եղել, ինչքան այսօր: Չնայած դրան՝ հնագույն ժամանակներում օգտագործված շատ տեխնոլոգիաներ, հայտնագործություններ և արտադրական գաղտնիքներ պարզապես կորսվել են ժամանակի ընթացքում, իսկ մի մասը գիտնականների կողմից դեռևս ամբողջովին ուսումնասիրված և հասկացված չէ: Այդ խորհրդավոր տեխնոլոգիաները պատմության ընթացքում ի չիք են դարձել՝ վերածվելով առասպելների: Ահա 10 տեխնոլոգիաներ, որոնց կորստի համար մարդկային սիրտն այսօր հատկապես ցավում է:
10. Ստրադիվարիուսի ջութակներ
1700-ականները հատկապես առանձնացան երաժշտական գործիքների պատրաստման յուրահատուկ տեխնոլոգիաների մշակմամբ: Լավագույն վարպետներից էր Ստրադիվարիուսը, ում պատրաստած ջութակներն ու այլ լարային գործիքները այսօր միլիոններ արժեն: Աշխարհում այսօր գոյություն ունի ընդամենը 600 այդպիսի գործիք, որոնք այդքան թանկ արժեն իրենց որակի և յուրահատուկ հնչողության շնորհիվ: Ստրադիվարիուսի անունը կարծես թե հոմանիշ է դարձել այն ամենի համար, ինչն ունի անկրկնելի և գերազանց որակ:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Ստրադիվարիուսի գործիքների պատրաստման տեխնիկան եղել է ընտանեկան գաղտնիք, որն իմացել են միայն պատրիարք Անտոնիո Ստրադիվարիուսը և նրա որդիները՝ Օմոբոնոն և Ֆրանցեսկոն: Երբ նրանք մահացան, տեխնոլոգիան անհետացավ նրանց հետ: Հետազոտողները ուսումնասիրել են համարյա թե ամեն ինչ՝ կապված այս գործիքների հետ. գործիքի փայտի վրա աճող սնկերից մինչև ջութակների ձևը: Հիմնական գլխավորող տեսությունը այն է, որ ջութակների պատրաստման համար օգտագործվել է հատուկ խտություն ունեցող փայտ: Կան նաև մարդիկ, ովքեր մերժում են գործիքների հատուկ լինելու գաղափարը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը չի նկատում Ստրադիվարիուսի ջութակի և ժամանակակից ջութակի արձակած ձայների որակական տարբերությունը:
9. Նեպենթ
Այս տեխնոլոգիային տիրապետել են հին հույներն ու հռոմեացիները: Այն զարմացրել է բոլորին, հատկապես երբ առաջին անգամ օգտագործվել է բժշկության մեջ: Հայտնի է, որ հույները օգտագործել են նեպենթը՝ կորուստներ ունեցող մարդուն «մխիթարելու» համար, այն եղել է պարզագույն հակա-դեպրեսանտ և հայտնի է եղել իր՝ «թախիծը հեռացնելու» ընդունակությամբ: Դեղը բազմիցս հիշատակվել է հին հունական գրականության մեջ, օրինակ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ում: Նեպենթի՝ «մոռացումի դեղ» անվանման պատճառով հետազոտողները այն հաճախ համեմատում են ափիոնի հետ: Իսկ որոշ հետազոտողներ պնդում են, որ դեղը ունի հորինված բնույթ և իրականում գոյություն չի ունեցել:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Շատ հաճախ այս «անհետացած» տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում գոյություն ունեն, և միայն նրանց ժամանակակից համարժեքները գտնելու անկարողությունն է, որ ստեղծում է որոշակի խորհրդավորություն: Նեպենթը, հավանական է, որ մինչև օրս էլ օգտագործվում է, սակայն պատմաբանները չեն կարողանում ցույց տալ հույների կողմից օգտագործված այդ նյութի ներկայիս համարժեքը:
8. Անտիկիտերյան մեխանիզմ
Բոլոր հնէաբանական գտածոներից երևի թե ամենաառեղծվածայինը՝ Անտիկիտերյան մեխանիզմը, իրենից ներկայացնում է բրոնզե մի սարք, որը 1900-ական թվականներին հայտնաբերվել է Հունաստանի Անտիկիտերա կղզում: Սարքը կազմված է մոտ 30 ատամնանիվներից, բռնակներից և սանդղակներից և ենթադրաբար օգտագործվել է արևի, լուսնի և մոլորակների աստղագիտական դիրքերը որոշելու համար: Ենթադրում են նաև, որ սարքավորումը կղզի է ընկել մ.թ.ա. 1-2-րդ դարերում տեղի ունեցած նավաբեկության արդյունքում: Անտիկիտերյան մեխանիզմը եղել է պարզագույն ժամացույցի մոդել, որը կարողացել է հաշվարկել լուսնի փուլերը և արեգակնային տարիները, այդ պատճառով որոշ հետազոտողներ այն համարում են «անալոգային համակարգչի» ամենաառաջին օրինակը:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Որոշ հետազոտողներ, ելնելով սարքի ձևից, ենթադրում են, որ դա իր տեսակի մեջ միակ սարքավորումը չի եղել և օգտագործվել է տարբեր նպատակների համար: Անտիկիտերյան մեխանիզմի նման սարքերի մասին ոչ մի պատմական արձանագրություն հայտնի չէ մինչև 14-րդ դարը, որը նշանակում է, որ այն մոռացված է եղել մոտ 1400 տարի: Թե ինչու և ինչպես է այդ ամենը պատահել, դեռևս առեղծված է:
7. Թելհարմոնիում
Թելհարմոնիումը հաճախ համարում են աշխարհի առաջին էլեկտրոնային երաժշտական գործիքը, այն հսկա երգեհոնին նմանվող մի սարք էր, որը նախագծել էր Թադեոս Կեհիլը 1897 թվականին: Իր ժամանակների համար այն չափերով ամենամեծ երաժշտական գործիքն էր: Կեհիլը պատրաստել է 3 գործիքի օրինակ, որոնցից մեկը, փաստում են, որ ունեցել է շուրջ 200 տոննա կշիռ և զբաղեցրել է մի ամբողջ սենյակ: Այն կազմված է եղել տարբեր ստեղներից և ոտնակներից ու արձակել է տարբեր երաժշտական գործիքների, հատկապես՝ փայտե փողային գործիքների՝ ֆլեյտայի, ֆագոտի և կլարնետի ձայներ:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Կեհիլը շատ պլաններ ուներ իր թելհարմոնիումի հետ կապված: Դժբախտաբար, այս գործիքը իր ժամանակներին համապատասխան չէր՝ վատնում էր մեծ քանակով էլեկտրաէներգիա, ուներ հսկա արժեք, մոտ՝ 200 000 դոլար և չափերով շատ մեծ էր: Շատ կարճ ժամանակում հասարակության հետաքրքրությունը սարքի նկատմամբ մարեց, և սարքերը «դեն նետվեցին»: Այսօր ոչինչ չի մնացել օրիգինալ 3 թելհարմոնիումներից, նույնիսկ գործիքի արձակած ձայնի որևէ ձայնագրություն:
6. Ալեքսանդրիայի գրադարան
Չնայած Ալեքսանդիայի գրադարանը ինչ-որ կոնկրետ տեխնոլոգիա չի եղել, բայց ընդգրկվել է այս ցանկում այն պատճառով, որ նրա վերացման պատճառովբ ոչնչացել են նաև հնագույն ժամանակների բազմաթիվ գիտելիքներ: Գրադարանը կառուցվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում մ.թ.ա. 300 թվականին՝ Պտղոմեոս Սոտերի գահակալման տարիներին: Ալեքսանդրիայի գրադարանը պատմության մեջ առաջին փորձն էր հավաքել արտաքին աշխարհի մասին եղած ամբողջ ինֆորմացիան մի վայրում: Գրադարանի գրքերի քանակը հայտնի չէ, սակայն ենթադրում են՝ այն հասել է մոտ մեկ միլիոնի: Այն գրավել է իր ժամանակների ամենախելացի մարդկանց՝ Զենոդոտոսին, Արիստոտելին: Գրադարանը այնքան կարևոր էր դարձել, որ ամեն ոք, ով այցելում էր գրադարան, իր հետ բերում էր գրքեր, որոնք կրկնօրինակվում էին և պահվում գրադարանում:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Ալեքսանդրիայի գրադարանը և բոլոր գրքերը այրվել են մ.թ. 1-2-րդ ընկած ժամանակահատվածում: Հետազոտողները մինչև օրս էլ դեռ համոզված չեն, թե ինչ պատճառով է առաջացել հրդեհը: Սակայն կան մի քանի վարկածներ: Առաջինի համաձայն՝ Հուլիոս Կեսարը այն այրել է անզգուշաբար, երբ ցանկացել է սեփական նավերը հրդեհելով պատնեշել մոտեցող թշնամու նավատորմի ուղին: Այլ տեսությունները պնդում են, որ գրադարանը հրդեհվել է զավթիչների կողմից, Թեոդոսիուս I-ը և արաբ Ամր իբն ալ ‘Աասը ամենահավանական թեկնածուներն են: Եթե գրադարանը չոչնչանար, շատ հավանական է, որ այս ցուցակի մյուս տեխնոլոգիաները երբեք չմոռացվեին:
5. Դամասկոսի պողպատ
Դամասկոսի պողպատը անչափ ամուր մետաղի տեսակ էր, որը լայնորեն օգտագործվում էր Միջին Արևելքում 1100-1700 թվականներին: Դամասկոսի պողպատից պատրաստված սայրերը հայտնի էին իրենց սրությամբ և կտրելու կարողությամբ, նույնիսկ ասում են, թե այդ սայրերը կարող էին ճեղքել քարերը, մյուս այլ մետաղները՝ այդ թվում նաև թշնամու ավելի թույլ զենքերը: Ենթադրում են, որ պողպատը բերվում էր Հնդկաստանից և Շրի Լանկայից և հետագայում մշակվում էր Դամասկոսում:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Դամասկոսի պողպատի պատրաստման տեխնոլոգիան, ամենից հավանական է, որ անհետացել է մոտ 1750 թվականին: Անհետացման կոնկրետ պատճառը հայտնի չէ, սակայն կան որոշ տեսություններ: Ամենահայտնի տեսությունը փաստում է, որ սպառվել են դամասկոսի պողպատի հանածոները: Մյուս տեսությունը պնդում է, որ իրականում ոչ ոք չգիտեր Դամասկոսի պողպատի պատրաստման տեխնոլոգիան, իսկ եղած պողպատը հայտնաբերվել էր պատահական՝ բնության մեջ:
Ինչ էլ որ լինի, Դամասկոսի պողպատի պատրաստման տեխնոլոգիան մինչև օրս մնում է անհայտ, և այն վերարտադրելու բոլոր փորձերը մատնվում են անհաջողության:
4. Ապոլլո/ Ջեմինի աստղագիտական ծրագիր
Ոչ բոլոր տեխնոլոգիաներն են անհետացել հնագույն ժամանակներում: 50, 60 և 70-ական թվականների Ապոլլո և Ջեմինի ծրագրերը ՆԱՍԱ-ին պարգևեցին բազմաթիվ հաջողություններ, այդ թվում՝ դեպի տիեզերք թռիչքը և առաջին ճանապարհորդությունը դեպի Լուսին: Ջեմինին, որը իրականացվել է 1965-66 թվականներին, ավելի շատ պատասխանատու էր մարդու՝ տիեզերք թռչելու հետ կապված հետազոտությունների և մեխանիզմների զարգացման համար: Ապոլլոն, որը հաջորդում էր Ջեմինիին, հիմնականում նպատակ ուներ հասնել Լուսնի մակերեսին, որը իրականացվեց 1969 թվականին:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Ապոլլո և Ջեմինի ծրագրերը իրականում չեն մոռացվել: Այդ սարքերի բազմաթիվ հատվածներ և երկրին հարվածելուց մնացած կտորներ դեռևս պահպանվում են: Բայց միայն կտորների առկայությունը չի նշանակում, որ հետազոտողները կարող են հասկանալ ինչպես և ինչու էին դրանք աշխատում: Ծրագրերի իրականացման ընթացքից շատ քիչ ձայնագրություններ և փաստեր են առկա: Քանի որ ՆԱՍԱ-ն մրցակցում էր ԽՍՀՄ-ի հետ, ապա տեխնիկայի նախագծումը, տեսքը և կառուցման ընթացքը չափազանց արագ էր կատարվում: Բացի այդ, շատ դեպքերում սարքի յուրաքանչյուր դետալ մշակվում էր մի առանձին վարձված ինժեների կողմից: Հենց ծրագիրը ավարտվեց, այս բոլոր ինժեներները իրենց արձանագրությունների հետ հեռացան: Այսօր, երբ ՆԱՍԱ-ն ցանկանում է կրկին թռչել դեպի Լուսին, այս սարքերի ստեղծման տեխնոլոգիան ոչ լիարժեք է և անկանոն:
3. Սիլֆիում
Ոչ միշտ է, որ տեխնոլոգիաները կորչում են գաղտնիության կամ արձանագրությունների բացակայության պատճառով: Հաճախ պատճառը բնությունն է: Սիլֆիումը բուսական դեղ էր, որը օգտագործվում էր հռոմեացիների կողմից՝ որպես ծնունդների թիվը կարգավորող միջոց: Այն ստեղծվում էր սամիթի որոշակի ցեղին պատկանող բույսերի պտուղներից, որը ժամանակակից Լիբիայի մերձափնյա տարածքներում աճող մի բույս էր: Սիլֆիումի սրտաձև պտուղը օգտագործվում էր ցանկացած հիվանդության դեմ՝ լինի դա ջերմություն, վարակ, վնասվածք, թե այլ անկայուն վիճակ:
Կանայք մի քանի շաբաթը մեկ խմում էին սիլֆիումի թուրմը, և սա բավական էր, որ դրանով կանխեն անցանկալի հղիությունը: Իսկ եթե ճիշտ կիրառվեր, այս բույսի միջոցով հնարավոր էր առաջացնել վիժում. սա աբորտի ամենավաղ կիրառված մեթոդներից մեկն է:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Սիլֆիումը հնագույն ժամանակների ամենակիրառվող դեղամիջոցներից էր և արագորեն տարածվում էր Եվրոպայից դեպի Ասիա: Բայց, դժբախտաբար, բույսի այդ որոշակի ցեղը աճում էր միայն Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան ափի մի հատվածում: Հենց չափից դուրս մեծ պահանջարկի պատճառով էլ շատ շուտով բույսը սկսեց ոչնչանալ:
Քանի որ սիլֆիումի բույսը այսօր գոյություն չունի, գիտնականները չեն կարող ուսումնասիրել այն և հաստատել, թե արդյո՞ք այն իրականում այդքան արդյունավետ է եղել, ինչպես պնդում են հռոմեացի պատմաբանները:
2. Հռոմեական ցեմենտ
Ժամանակակից բետոնի պատրաստման տեխնոլոգիան մշակվել է 1700-ական թվականներին: Այսօր ցեմենտի, ջրի, ավազի և քարերի խառնուրդը ամենատարածված շինանյութն է աշխարհում: Բայց 18-րդ դարում ստեղծված տեխնոլոգիան առաջին անգամը չէր, որ հայտնագործվում էր: Ցեմենտը լայնորեն կիրառվել է հնագույն ժամանակներում պարսիկների, եգիպտացիների, սիրիացիների, հայերի և հռոմեացիների կողմից: Հենց հռոմեացիներն են առաջին անգամ հայտնաբերել բետոնի պատրաստման ձևը: Բետոնը թույլ է տվել հռոմեացիներին կառուցել իրենց հայտնի շինությունները՝ Պանթեոնը, Կոլիզեյը, հռոմեական բաղնիքները, ջրատարները:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Ինչպես հռոմեական և հունական շատ տեխնոլոգիաներ, այնպես էլ բետոնի պատրաստման ձևը կորել է մռայլ միջնադարյան տարիներին, բայց թե ինչու՝ հայտնի չէ: Ամենահայտնի տեսությունը ենթադրում է, որ բետոնի պատրաստման տեխնոլոգիան գաղտնիք է եղել որմնադիրների շրջանում և նրանց մահվան հետ էլ անհետացել է: Ավելի հետաքրքիր է հռոմեական և ժամանակակից ցեմենտի միջև եղած որակական տարբերությունը: Այն կառույցները, որոնք կառուցվել են հռոմեական ցեմենտի միջոցով, դիմացել են հազարավոր տարիներ և մինչև օրս էլ դեռևս կանգուն են, իսկ ժամանակակից ցեմենտով կառուցված շինությունները քայքայվում են շատ ավելի շուտ: Ենթադրում են, որ դրա պատճառը որոշ քիմիկատներ են, որոնք հռոմեացիները ավելացրել են ցեմենտի մեջ կաթի և արյունի հետ:
1. Հունական կրակ
Բոլոր կորած տեխնոլոգիաներից երևի թե ամենահայտնին՝ հունական կրակը, եղել է Բյուզանդական կայսրության կողմից օգտագործվող զենք: Հունական կրակը «կպչող կրակ» էր, այսինքն՝ շարունակում էր վառվել, նույնիսկ ջրի մեջ: Բյուզանդական կայսրությունը այն ավելի հաճախ օգտագործել է 11-րդ դարում, որի միջոցով հնարավոր է դարձել հակահարված տալ արաբ զավթիչների կողմից Կոստանդնուպոլսի վրա կատարած 2 հարձակումներին: Հունական կրակը տարբեր ձևերով է կիրառվել: Այն կարող էին նետել նռնակի պես կամ էլ լցնել թշնամու նավերի վրա:
Ինչպե՞ս է այն անհետացել:
Այսօր ռազմական գործողություններում օգտագործվում են հունական կրակին նման շատ զենքեր: Բայց այդպիսի զենք ստանալը անհաջողության էր մատնվում մինչև վաղ 1940-ական թվականները, որը նշանակում է, որ այդ տեխնոլոգիան կորած է եղել մի քանի հարյուր տարի: Ենթադրում են, որ հունական կրակը անհետացել է Բյուզանդական կայսրության անկումից հետո, բայց թե ինչու՝ ոչ մեկին հայտնի չէ: Հունական կրակի բաղադրությունը ուսումնասիրվել է գիտնականների և պատմաբանների կողմից: Ավելի վաղ տեսության համաձայն՝ այն իրենից ներկայացրել է սելիտրա, որը վառոդի նախատիպն է: Սակայն այս տեսությունը հերքվել է, քանի որ սելիտրան չի այրվում ջրում: Ժամանակակից տեսություններից համաձայն՝ զենքը իրենից ներկայացրել է տարբեր քիմիկատների՝ նավթի, չհանգած կրի, սելիտրայի, ծծմբի խառնուրդ: