ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) արդյունաբերության զարգացման և հանրային քաղաքականության վարչության գործադիր տնօրենի գլխավոր խորհրդական Հիրոյուկի Հայաշին այսօր ստորագրել են «Հայաստանում հրշեջ-փրկարարական գույքի բարելավում» ծրագրի նախապատրաստական ուսումնասիրության (դաշտային երկրորդ ուսումնասիրություն) վերաբերյալ քննարկումների արձանագրությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Հրշեջ սարքավորուﬓերի բարելավում» դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է արդիականացնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գույքը և ավտոմեքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: 
Դրամաշնորհային ծրագրի համաձայն` Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան:
Հիշեցնենք, որ 2010 թ. «Երևան քաղաքի հրշեջ գույքի բարելավում» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ԱԻ նախարարությանը նվիրաբերվել է 28 նոր հրշեջ-փրկարարական մեքենա:

2010-2012 թթ. «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում» համատեղ ծրագրի շրջանակներում ճապոնացիների աջակցությամբ`

• գնահատվել է Երևանի սեյսմիկ վտանգը և մշակվել մայրաքաղաքում հնարավոր ուժեղ երկրաշարժի սցենարը,

• վերլուծվել է Երևանի շենք-շինությունների խոցելիությունը,

• պատրաստվել է սեյսմիկ աղետի կառավարման պլան,

• ներդրվել է Երևանում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր համակարգ` հիմնված 5 ժամանակակից թվային սեյսմոգրաֆների վրա, որոնց տվյալները գրանցվում են ՃԿԱԿ-ում։

2014 թվականից ԱԻ նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) իրականացնում են «Հայաստանում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրը:
Հայ-ճապոնական փոխգործակցության շնորհիվ ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով գործուղվել են Ճապոնիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել