Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ երեկվա գրառմանս որոշ արձագանքների մասին․
Անցած 5 տարիների ընթացքում անընդհատ մի երևույթ եմ նկատել ու միշտ փորձել եմ հասկանալ՝ իրականում մարդիկ կարդու՞մ են գրածը և փորձում հասկանալ հենց քո շարադրած նախադասությունը, թե՞ միայն նկատում են այն, ինչ ուզում են նկատեն ու դրանից հետո իրենց գիտակցության մեջ առկա մտքերը փորձում բարդել քո վրա: Երեկ գրառում արեցի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ և միանգամից նույն երևույթին հանդիպեցի: Գրում եմ պարզ նախադասություն, որ դեռ չեմ անդրադառնում բովանդակությանը, քանի որ դեռ մանրամասն կարդալու կարիք կա, գրում եմ, որ չեմ կիսում ԼՏՊ-ի շատ տեսակետներ, ՀԱԿ-ի քայլեր, բայց քոմենթների մեծ մասը հենց բովանդակության մասին էին, մի մասն էլ փորձում էր այդ բովանդակության որոշ կետեր անգամ ինձ վերագրել։
Ինձ թվում էր, որ նույն անցած 5 տարիները բավարար պետք է լինեին, որ բոլոր քոմենթ գրողները առնվազն իմանային իմ տեսակետը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ` դա մեր ու մեր սերունդների խնդիրն է և մենք պետք է պատրաստ լինենք անցնել այդ երկար ճանապարհը: Մեկ անգամ ևս ասեմ, որ ես իմ տեսակետը հարյուր անգամ հայտնել եմ և չեմ պատրաստվում փոխել այն: Բայց պարզվում է, որ նույնիսկ այսքան ժամանակ բավարար չէ, որ մարդիկ ընկալեին և հասկանային, որ եթե մեկը գրում է՝ համաձայն չեմ շատ տեսակետներին, դա հենց դրան է վերաբերվում: Հո չե՞մ ասելու համաձայն չեմ այն մտքի հետ, որ կոռուպցիան մեր երկրի ամենամեծ քաղծկեղն է: Երկարացնելու իմաստ չեմ տեսնում, բայց մի քանի նկատառում, որը հուսամ նորից թույլ կտա բացատրել ասածս, իսկ ցանկացողները նորից կարող են ընթերցել:
- Ես երբեք չեմ եղել ՀԱԿ-ի հետևորդ և չեմ լինելու: Չեմ կիսում հենց Արցախյան հիմնախնդրի լուծման իրենց պատկերացում, ԵՏՄ-ական կողմնորոշումը և այլ շատ այլ հարցեր: Վերջակետ։
- Սովորել պե՞տք է, թե ինչպես է փաստարկում իր խոսքը ԼՏՊ-ն: Պե՞տք է հասկանալ, թե ինչպես մարդ կարող է մի ելույթով քաղաքականացնել և մանիպուլիացնել ամայացած ամբողջ դաշտը: Այո։ Վերջակետ։
- Խառնե՞ց բոլորիդ: Այո: Վերջակետ։
- Բա այդքան անիմաստ էք համարում ու այդքան եներգիա ծախսեցիք պիտակավորելու, հայհոյելու, դատավորի պես վերջնական վճիռը հայտարարելու համար․․. Այդքան եներգիա ու ջա՞նք տարավ անիմաստությունը ձեզանից: Այո։
Իսկ ասածս պարզ մի բան էր: Հրապարակային խոսք մշակել ու հրամցնել իմացող մարդ մեր երկրում շատ քիչ կա: Շատ շատ քիչ, ես միայն 2-3-ին գիտեմ, ԼՏՊ-ն հաստատ մեկն է նրանցից։ Այս ելույթին էլ հարկավոր է առնվազն նույն մակարդակի կամ մի բան էլ ավել մակարդակի խոսք հակադրել, որ ամեն ինչ տեղն ընգնի։ Առայժմ տեսնում եմ միայն հակադարձ աղմուկ և ոչ մի հիմնարար խոսք։
Հիմա ես ո՞նց հասկանամ, թե իսկ դու՞ք ինչ էիք կարդում, իսկ դու՞ք ինչ էիք լսում, իսկ դու՞ք ինչ էիք ցանկանում ասել:
Անձնական վիրավորանքներին չեմ անդրադառնալու, բացի մեկից “...լսելով կորցրել եք մտածելու կարողությունը, բարդույթավորված խեղճ ղարաբաղցի պատգամավոր..” ասելով մի կորցրեք մտածելու կարողությունը, թե չե կհայտնվեք բարդույթավորված խեղճ մարդու կարգավիճակում, տիկին Վարդուհի Իշխանյան: Վստահ եմ, որ ձեր գնահատականը հիմնված է սեփական փորձի վրա: