ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆԸԱյս հոդվածի տպագրությամբ նպատակ ունենք հիմնավորելու, որ օղուզական խմբի հարավարևմտյան լեզվաճյուղին պատկանող ադրբեջաներենը և թուրքերենը թեպետ ցեղակից, սակայն առանձին, ինքնուրույն լեզուներ են, որոնք չի կարելի նույնացնել` ի հեճուկս համաթուրքական ծավալապաշտական նկրտումների:

Ադրբեջաներենի և թուրքերենի դասակարգման հարցը թյուրքագիտական լեզվաբանության մեջ երկար տարիներ լուծում չգտած հարցերից է։ Ներկայիս դասակարգմանը չի համապատասխանում այն իրողությունը, թե ադրբեջաներենը Կովկասի թուրքերենն է, արևելյան թուրքերեն, թաթարերեն, իսկ թուրքերենը` անատոլիական կամ արևմտյան թուրքերեն։

Ադրբեջաներենի և թուրքերենի դասակարգումը, որպես Ուրալ-ալթայան լեզվաընտանիքին պատկանող օղուզական խմբի հարավարևմտյան ճյուղի լեզուներ, ենթադրում է երկուսի միանմանությունը, և այս դեպքում դրանք թերեւս չպետք է տարբեր անվանումներ ունենային, այլ պետք էր անվանել կա՛մ ադրբեջաներեն, կա՛մ թուրքերեն։

Մի շարք հայտնի թյուրքագետ լեզվաբանների կարծիքով, տարբեր ցեղային միությունների մեջ մտնող առանձին թյուրքական լեզուներ ձեռք են բերել մի կողմից տվյալ լեզվախմբի մեջ մտնող թյուրքական լեզուների ընդհանուր գծեր, մյուս կողմից՝ տվյալ ցեղային միության և այլ թյուրքական միությունների լեզուներից տարբերվող հատկանիշներ։ Ուստի, յուրաքանչյուր թյուրքական լեզու զարգացման պատմական ընթացքով տարբերվում է իր ենթախմբի մյուս լեզուներից, ինչն էլ հիմնավորելու համար փորձենք դիմել ժողովուրդների և պետությունների զարգացման կարևորագույն` աշխարհագրական, պատմական և մշակութային գործոններին։

♦♦♦

Արևմտաթյուրքական կագանաթի անկումից (742թ.) հետո վերջինիս կազմի մեջ մտնող բազմաթիվ օղուզական ցեղեր շարժվում են դեպի Սիրդարյայի Արևմտյան Յոթգետնյա շրջան, որտեղ IX դարի կեսին տեղի է ունենում Սիրդարյայի հովտի, Մերձարալյան և Հյուսիսային Մերձկասպյան տափաստանների զանազան թյուրքալեզու և այլալեզու ժողովուրդների էթնիկական բարդ խառնակում։ Արդյունքում՝ առաջանում է սիրդարյական յաբգուների պետությունը։ X դարում Սիրդարյայի օղուզական ցեղերը, խուսափելով Մոնղոլիայից քշված ղրղըզներից, տեղաշարժվում են երկու ուղղությամբ. մի մասը շարժվում է մերձուրալյան տափաստանները՝ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ մյուս մասը՝ հարավ-արևմուտք, դեպի Սամանյան պետության սահմանները։ Այսպիսով՝ IX-X դդ. ընթացքում առանձնանում են էթնիկական ընդհանրությամբ երկու՝ արևմտյան և արևելյան օղուզները։ Վերջիններիս համար սկսեցին կիրառել նաև «թուրքմեններ» անվանումը։

Լքելով Սիրդարյայի հովիտը՝ արևելյան օղուզները միախառնվեցին արևելաղփչաղական ցեղերի հետ։ Երբ Կարախանցիների կագանաթը բաժանվեց արևելյանի (Բալասագուն, ավելի ուշ՝ Կաշգար մայրաքաղաքով) և արևմտյանի (Ուզկենդ, ավելի ուշ` Սամարղանդ մայրաքաղաքով), օղուզական և ղփչաղական ցեղերը համախմբվեցին այս երկու կենտրոններում։

Օղուզների արևմտյան էթնիկական ընդհանրությունը Մերձարալյան շրջանից Ուրալով Վոլգա-Դոնով և սևծովյան տափաստաններով թափանցեց Եվրոպա՝ Բալկաններ. այդ ցեղերը կոչվում էին ուզեր, պեչենեգներ, ղփչաղներ, կումաններ (ռուս պոլովցիներ)։ Նրանք, միաձուլվելով բուլղարների հետ, կազմեցին խառը օղուզա-բուլղարական ցեղային միություններ։

Ուրալ-ալթայան լեզվաընտանիքի օղուզական խումբը ձևավորվել է VIII-XIII դդ. ընթացքում։ Եթե հին օղուզերենի հատկանիշները պահպանել են թուրքմենները (նրանց նախնիները՝ խորեզմցիները, խազարներն են), ապա նվազ չափով` ավելի ուշ ձևավորված օղուզական խառը ցեղերը, ինչպիսիք, մի կողմից, ադրբեջանցիներն են, մյուս կողմից` թուրքերը և գագաուզները։

IX դարի կեսին ղփչաղները ոչնչացնում են Սիրդարյայի յաբգուական և Միջին Ասիայի օղուզաթուրքմենական ցեղերին։ Ղփչաղները քուշաններին տապալած հփթաղների հետնորդներն են։ Պարսիկ և արաբ պատմիչները քուշանների հետնորդներին տալիս են հայթալ անունը, որը նույնն է, ինչ հայ պատմիչների հիշատակած հփթաղները։ Նրանք կոչվել են նաև սպիտակ հոներ։ Ահա այս ղփչաղները օղուզական խմբի լեզուների կազմավորման հարցում որոշիչ դեր են կատարել։ Արևելյան ղփչաղերենը ազդել է թուրքմեներենի և ադրբեջաներենի, իսկ արևմտյան ղփչաղերենը` գագաուզերենի և թուրքերենի վրա։

Օղուզա□թուրքմենական և այլ թյուրքալեզու ցեղերի ներխուժումից հետո Ատրպատականում, Աղվանքում և Հայաստանում IX-XIII դդ. սկսվեց տեղի բնակչության լեզուների բռնի փոխարինումը թյուրքական խոսակցական լեզվով։ Վաղ միջնադարյան աղբյուրները ներկայիս Ադրբեջանի հյուսիսային դաշտավայրերի լեզուն անվանում են արանական (էրանական)։ Իսլամական շրջանի որոշ հեղինակներ Ազարի (Ադրբեջանական) թուրքերենը տարանջատել են Պարսկական Ատրպատականի՝ Համադանի, Իսֆահանի, Ռեյի, Զարանդի և Թեհրանի թյուրքական բարբառներից։

Հայտնի է, որ արևելյան թուրքերենը (ադրբեջաներենը) XIV-XVIII դդ. ընթացքում Կովկասում, Իրանում և ընդհանրապես Մերձավոր ու Միջին Արևելքի առևտրական տարանցիկ ճանապարհների վրա ընդհանուր գործածական լեզու էր։ Գործավարության և գրականության մեջ սկզբում իշխում էր աղվաներենը (արաներենը), ապա պարսկերենը։ Արաբերենը կրոնի լեզու էր։

Մինչև XVI դարը Անատոլիական (արևմտյան) և Կովկասի (արևելյան) թուրքերենի միջև հստակ սահմանագիծ գոյություն չի ունեցել, որովհետև թե՛ թուրքերենը, թե՛ ադրբեջաներենը աշուղական անմշակ բարբառներ են եղել։

♦♦♦

Այսուհանդերձ, որո՞նք են թուրքերենի և ադրբեջաներենի հիմքում ընկած լեզվական տարբերությունները։ XI դարի բառարանագիր Մահմուդ Կաշգարցին իր «Թյուրքական բարբառների բառարանում» օղուզների և թուրքերի բարբառների մասին մեզ հարուստ տեղեկություններ է փոխանցել։ Նա հստակ առանձնացրել է օղուզների և թուրքերի բարբառները։

Ըստ Մ.Կաշգարցու բառարանի տվյալների` անատոլիական թուրքերենը իր ծագումնաբանությամբ ավելի շատ օղուզերեն է, քան թուրքերեն։ Մինչդեռ ադրբեջաներենի ենթաշերտի գերակշռող մասը թյուրքերեն է։ Թուրքերենում թյուրքական բառապաշարը ներկայանում է գլխավորապես օղուզերեն բառապաշարով։

ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆԸՕղուզական լեզվախմբի մանրակրկիտ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թեեւ արևմտաղփչաղական լեզուների ազդեցությունը առկա է, բայցեւայնպես, օղուզական շերտը ավելի լավ է պահպանվել թուրքերենում և գագաուզերենում, իսկ ադրբեջաներենում և հատկապես թուրքմեներենում այն ուժեղ փոփոխություններ է կրել արևելաղփչաղական լեզուների ազդեցությամբ։

Կարևոր են նաև Թուրքիայի համաթուրքականության շրջանակներում լեզվի ազգայնացման քաղաքականության կիրառմամբ առաջացած լեզվական տարբերությունները։

Թուրքիայի հանրապետության հռչակումից (1923թ.) և լատիներեն այբուբենի ընդունումից (1928թ.) հետո հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի նախաձեռնությամբ հիմնադրվեց Turk Dil Kurumu (1932թ.)` «Թուրքական լեզվաբանական միությունը»` ԹԼՄ-ն, որը երիտթուրքերի Tasfiyecilik-ը` «Մաքրազատումը» վերափոխեց Özlestirme-ի` «Ինքնամաքրման»։

Թուրքերենի պարզեցումը և ինքնամաքրումը այնպիսի ծայրահեղության հասավ, որ օսմաներենի «խ» տառը հանվեց, մոռացության տրվեց դրա առկայությունը օղուզերենում (xiz-աղջիկ, xan, xakan-արքա, միապետ) և ղփչաղերենում։ Նրան փոխարինեցին «հ» և «ք» տառերը։ Օրինակ՝ xasm (արաբ.)- hasim-«ախոյան», axir-ahir- «վերջ, ետին» (սա կարող է հասկացվել նաև ախոռ), ax,sam-ak,sam և այլն։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջաներենին, ապա այստեղ «խ» տառի համարժեք վերցվեց լատիներեն «x» (իքս)-ը կամ պահպանվեց ռուսերեն «x»-ն։

Թուրքերենում «խ» տառի բացակայությունը օտար փոխառությունների հնչյունական կառուցվածքում էլ թյուրիմացությունների պատճառ դարձավ, դրանով իսկ հատկապես արաբերեն և պարսկերեն բառերի արտասանությունը նենգափոխվեց, և թուրքերենը ադրբեջաներենից մի քանի քայլ ևս հեռացավ։

Թուրքական լեզվաբանական միության որդեգրած այս գիծը Մ. Քեմալի հիմնադրած ժողովրդական հանրապետական կուսակցությունը անվանեց Dil Devrimi` «Լեզվի հեղաշրջում»։

Լեզվի հեղաշրջման հեղինակները օգտագործեցին 1960թ.-ի մայիսի 27-ին կատարված առաջին ռազմական հեղաշրջման ընձեռած հնարավորությունը։ ԹԼՄ-ն ռազմական իշխանության առաջնորդ, բանակի գեներալ Նեմալ Գյուրսելից պահանջեց լեզվի մաքրման հարցում պետության աջակցությունը։ Ն. Գյուրսելի հրամանագրով բոլոր նախարարություններին հրահանգ տրվեց՝ չօգտագործել օտար բառեր և թուրքերենի հանդեպ հոգատարություն ցուցաբերել։ Այսպիսով՝ ռազմական հեղաշրջումով ընթացք տրվեց նաև լեզվի ազգայնացման քաղաքականությանը։

Հատկանշական է այն փաստը, որ թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի լեզվաբանները ադրբեջաներենը համարել և համարում են թուրքերեն։ Երկու լեզուների նույնացման քաղաքականությունն ընկած է համաթուրքական ծավալապաշտական ծրագրերի իրականացման հիմքում։

Ըստ համաթուրքական ուսմունքի` Ադրբեջանը Թուրքիայի անբաժան մասն է։ Հայաստանը պատվար է երկու եղբայր երկրների միջև։ Ուստի անհրաժեշտ է արանքից հանել Հայաստանը, միավորել մեկ ազգի երկու պետությունները, նաև` լեզուները։ Նույն պատգամներով են առաջնորդվել և առաջնորդվում Թուրքիայի և Ադրբեջանի նախկին-ներկա իշխանավորները, որոնք, անկասկած, համաթուրքականության առաջամարտիկներ են։

Թուրքիան այսօր էլ շարունակում է իր երկակի քաղաքականությունը՝ ծածուկ առաջ տանելով իր ծավալապաշտական ծրագրերը։ Նույնիսկ առերեւույթ հրաժարվում է քեմալական` «լեզվի հեղաշրջման» գաղափարից։ Թուրքական իշխանությունները` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, «Նոր օսմանիզմի» քաղաքականության ներքո վերականդանացնում են արաբերեն և պարսկերեն բազմաթիվ «մեռած» բառեր, նաև չեն մոռանում ադրբեջաներենին մատակարարել թուրքերեն բառեր՝ ռուսերեն համարժեքների փոխարեն։

Վերոշարադրյալից պարզ է դառնում՝ թե՛ թուրքերենը, թե՛ ադրբեջաներենը, գտնվելով լեզուների օղուզական խմբում, իրենց ծագումնաբանությամբ, պատմական զարգացման առանձնահատկություններով և լեզվի զարգացման ուղիներով նույնական լինել չեն կարող։

Նշված գործոնների առկայությամբ կատարված մեր վերլուծությունները մատնացույց են անում հետևյալը։

Մի կողմից Արևմտյան-Անատոլիական թուրքերենի ձևավորման վրա ազդել են ոչ միայն արևմտյան օղուզների և ղփչաղների եվրոպաբնակ ներկայացուցիչները՝ Ղրիմի թաթարները, ուզերը, պեչենեգները, գագաուզները, այլև սլավոնները, ալբանացիները, ռումինացիները, հունգարները, բուլղարները, Փոքր Ասիայում` քրդերը, ասորիները։ (Հատկապես հույներն ու հայերը թուրքերի նոր մշակույթի կազմավորման գործում մեծ ավանդ են ներդրել)։ Մինչ լատիներեն այբուբենի ընդունումը ի հայտ է եկել հունատառ և հայատառ թուրքերեն, որը ուսուցանվում էր հունական և հայկական դպրոցներում։ Թեպետ XI-XIV դդ. Միջին Ասիայից բազում օղուզական ցեղեր են արշավել Փոքր Ասիա, և նրանց խառը բարբառներով էր համեմվել օսմաներենը (որը արաբերենի և պարսկերենի խառնուրդ էր), սակայն հետագայում հաղթանակած են դուրս եկել արևմտաօղուզական բարբառները, որոնք էլ հիմք են հանդիսացել անատոլիական թուրքերենի ձևավորման համար։ Նոր թուրքերենի և թուրքական մշակույթի ձևավորման մեջ պակաս դերակատարում չեն ունեցել նաև եվրոպացիները և եվրոպական լեզուներից արված մեծաքանակ փոխառությունները:

Մյուս կողմից Արևելյան/Կովկասյան թաթարերենին/թուրքերենի, ադրբեջաներենի ձևավորման վրա սկսած VII դարից, ազդել են Հյուսիսային Կովկաս ներխուժած հոները, խազարները, (սելջուկները, արևելյան օղուզները, արևելյան ղփչաղները, աք- և քարա- քոյունլուները), օսմանցիները (որոնցով էլ Ադրբեջանի բնակչության էթնիկական կազմը փոխվեց), նաև արաբները (VII-IX դդ.), պարսիկները (սեֆյան ցեղերը), աղվանները, ուդիները, գարգարները, լեզգիները, թաթերը, թալիշները, հայերը և ռուսները։ Ուստի ադրբեջանցիները, բռնությամբ ընդունելով քոչվոր ցեղերի լեզուն, միևնույն ժամանակ կրել են ոչ միայն արաբական, պարսկական, տեղաբնիկ ժողովուրդների, այլև ռուսական մշակույթի ազդեցությունը։

Չպետք է մոռանալ, որ ադրբեջաներենը, լինելով օղուզական խմբի լեզու, որոշ հատկանիշներով մերձ է նաև ղփչաղական խմբից ուզբեկերենին, նողայերենին, կումըկերենին: Ադրբեջաներենում կան բազմաթիվ փոխառություններ իբերա-կովկասյան լեզուներից։

Մի շարք թուրքագետ-լեզվաբաններ (Ն.Ա.Բասկակով, Ա.Ե.Մալով, Վ.Ա.Բոգորդիցկի, Վ.Ֆ.Պալմբլանդ, Ռ.Ռ.Արաթ և այլք) Ուրալ-ալթայան լեզվաընտանիքի հարավարևմտյան խումբը միաժամանակ համարելով օղուզական՝ անտեսել են դրա մեջ մտնող լեզուների պատմական զարգացման առանձնահատկությունները և տարբերությունները` դրանով իսկ նպաստելով հատկապես ադրբեջաներենի և թուրքերենի` նույնականացման գաղափարի զարգացմանը, ինչը ծառայել է համաթուրանական և համաթուրքական գաղափարախոսություններին ու ծրագրերին:

Այսպիսով, գիտականորեն սխալ է Ուրալ-ալթայան լեզվաընտանիքի հինգ խմբերից մեկը հարավարևմտյան կոչելը։ Ծագումնաբանական հատկանիշը հիմք ընդունելով` ճիշտ կլիներ այս խումբը պարզապես կոչել օղուզական և այն բաժանել հարավարևելյան և հարավարևմտյան ենթաճյուղերի։ Ի վերջո, պետք է հաշվի առնել այն անհերքելի փաստը, որ Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդները աշխարհագրական առումով տարբեր երկրամասերի ժողովուրդներ են և առաջացել են տարբեր ժողովուրդների միախառնումից։ Ըստ այդմ էլ յուրաքանչյուրի լեզուն ձևավորվել է տարբեր մշակույթների ազդեցությամբ։

Ուստի առաջարկում ենք երկու լեզուների դասակարգումը կատարել հետևյալ սկզբունքով. ադրբեջաներենը և թուրքմեներենը տեղադրել օղուզական խմբի հարավարևելյան, իսկ թուրքերենն ու գագաուզերենը` հարավարևմտյան ենթաճյուղերում։

ԱՐԱՄ ԹՈՒՄԱՍՅԱՆ
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌԻ դասախոս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել