Image result for ԵՄ Հայաստան,ԵՄ շրջանակային համաձայնագիրը իրատեսական «ռելսերի» վրա է

Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները կարծես ընթանում են բնականոն հունով: Համեմանայն դեպս այդ մասին է վկայում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրությունը: Նախարարն օրերս մեկնել էր Բրյուսել՝ մասնակցելու բանակցությունների հերթական փուլին:

Եթե Հայաստանը ստորագրի Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը, ապա այն կվերաբերի 3 ոլորտի՝ քաղաքականության, առևտրի և ներդրումների: Ինչպես երևում է, համաձայնագրի ստորագրման օրն ամենեւին էլ սարերի հետեւում չէ, քանի որ առեւտրի եւ ներդրումների ուղղությամբ Հայաստանին արդեն իսկ հաջողվել է Եվրամիության հետ բանակցություններում հասնել շոշափելի առաջընթացի:

ԵՄ-ի հետ բանակցվող շրջանակային համաձայնագիրը, անտարակույս, որոշակի տնտեսական զարգացում կապահովի Հայաստանի համար: Օրինակ՝ այն կարող է նպաստել, որ Հայաստան-Եվրամիություն ներդրումային ծրագրերն ընդլայնվեն, Հայաստանում նոր աշխատատեղեր բացվեն: Ինչ խոսք, համաձայնագիրը կարող է նպաստել նաեւ զբոսաշրջության զարգացմանը՝ ԵՄ քաղաքացիների նոր հոսք բերելով մեր երկիր:

Ուշագրավ է, որ դեռեւս 3 տարի առաջ, երբ որոշում կայացվեց, որ Հայաստանն անդամագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը, որի արդյունքում չստորագրվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, հնչեցին գնահատականներ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ Եվրամիության դռները մեկընդմիշտ փակվեցին պաշտոնական Երեւանի առջեւ:

Մինչդեռ անգամ 2013-ից հետո մեր երկրի իշխանություններն ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարում էին, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե կա՛մ… կա՛մ, այլ ե՛ւ… ե՛ւ սկզբունքով: Հայաստանի նպատակն այստեղ մեկն էր՝ առավելագույն շահ քաղել թե՛ ԵՏՄ-ից, թե՛ ԵՄ-ից: Ինչպես ասում են, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում: Հետաքրքիր է՝ հիմա ինչ կասեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին պնդում էին, որ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, թաղեց Եվրամիության հետ կապված բոլոր հույսերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել