Վաղը կայանալիք ՀԱԿ համագումարը կպատասխանի մի քանի հարցերի։ Առաջին՝ գնում է Կոնգրեսը ընտրություններին միայնա՞կ, թե՞ ոչ, արդյո՞ք այս ժամանակահատվածում եղել են քաղաքական կոսուլտացիաներ այլ ուժերի հետ, թե՞ ոչ, և ինչպես է Կոնգրեսը պատկերացնում իր աշխատանքը գալիք Պառլամենտում, եթե, իհարկե, հաղթահարի անցողիկ շեմը։ Եվ այսպես՝ Տեր-Պետրոսյանի վերադարձը։ Նախ՝ այս թեզը շրջանառության մեջ դրվեց բավականին տարօրինակ հանգամանքերում, որի նախաձեռնողը գոնե Կոնգրեսը չէր զուտ այն պատճառով, որ առաջին նախագահը չէր էլ հեռացել քաղաքականությունից, պարզապես միջամտում էր միայն խիստ անհրաժեշտ պահերին և իրեն հատուկ շրջահայացությամբ։ «Վերադարձը» առհասարակ իրենից որոշակի ինտրիգ ու հետաքրքրություն պարունակող տերմին է, մանավանդ քաղաքականության մեջ։ Հանրությունը, Տեր-Պետրոսյանի ընդդիմախոսները ընկան այս ծուղակը և նույնպես սկսեցին նրան վերաբերող վերլուծությունները, քննադատություններն ու գովաբանող գնահատականները մեկնաբանել հենց վերադարձի քողի տակ։ Արդյունքում նորից Տեր-Պետրոսյանը գործոն դարձավ՝ ինքն էլ նպաստելով այս պրոցեսին, չխոսելով և չմեկնաբանելով իր հասցեին հնչող գնահատականները։ Սա ծանոթ մեխանիզմ է, որը գործածության մեջ էր դրել ոչ այլ ոք, քան ինքը 2008 թվականի իր վերադարձի ժամանակ։ Իհարկե, նա չունի այն աջակցությունը, որ ուներ սրանից 10 տարի առաջ, սակայն շնորհիվ իր քաղաքագիտական գիտելիքների ու փայլուն հռետորաբանության՝ նա դեռ ունի իրեն հավատարիմ թեկուզ քիչ, բայց կայուն զանգված, և որ ամենակարևորն է, կուսակցություն։ Իսկ թե ինչ կխոսի առաջին նախագահը վաղվա համագումարում, սպասում են ոչ միայն նրա կողմնակիցները, այլև ընդդիմախոսները։ Ամեն դեպքում խոսելու թեմա կարծես թե այնքան էլ չկա, և Տեր-ՊԵտրոսյանը այդ առումով նրանց կարող է խոսելու ահռելի թեմա տալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: