ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակացական, ներքաղքական հարցեր, նախագահը ներկայացրել է Արցախի հանրապետություն այցի արդյունքները: «Զինված ուժերի մարտունակությունը բավականին բարձր է, հսկայակածավալ աշխատանք է կատարվել առաջին գծում և՛ տեխնիկական, և՛ մարտավարական, և, կարծում եմ՝ կարևորագույն դասերը քաղվել են»,-նշեց Է. Շարմազանովը:
Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակի ու քաղաքական ուժերի հետ հնարավոր դաշինքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Շարմազանովը պատասխանեց, որ մինչև տարեվերջ ՀՀԿ-ն խորհրդի նիստ կհրավիրի. «Չեմ կարծում, որ խորհրդի նիստի ընթացքում մեծ անակնկալներ են սպասվում: Խորհրդում բնականաբար կլինեն նաև փոփոխություններ: Խորհրդի առաջին փոխնախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը վարչապետ Կարապետյանն է: Նախընտրական գործընթացների հետ կապված ոչ մի հարց չենք քննարկել: Բնականաբար դաշինքի հարց էլ չենք քննարկել»:
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն կգնա իր ցուցակով: «Մեր ցուցակում տեղ կգտնեն նաև այն քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր տարիներ շարունակ մեզ հետ ճանապարհ են անցել կամ պատրաստակամ են ճանապարհ անցնել»,-ասաց ՀՀԿ խոսնակը՝ հիշեցնելով, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է ոչ միայն ՀՀԿ-ականներից, այլև այն քաղաքական ու հասարակական միավորներից, «ովքեր տարիներ շարունակ սատարել են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսը»:
ՀՀԿ խոսնակը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել նախընտրական ռազմավարությունն ու մարտավարությունը:



