Ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաներին քրեական պատասխանատվության օրենքը 2017 թվականից մտնելու է ուժի մեջ ու հետադարձ կապ չի ունենալու։ Սա արդեն կայացած փաստ է։ Այժմ արդեն հասարակական ու քաղաքական շրջանակներում սկսում են քննարկել, թե ինչու պիտի այդ օրենքը հետադարձ ուժ չունենա։ Ժամանակի ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ հարստացել են, հարստահարել են պետությունը, ուստի մի ստվար զանգված մտածում է, որ նրանց պետք է անմիջապես կանչել պատասխանատվության։ Ճշմարտության հատիկ սրա մեջ իհարկե կա, սակայն անհրաժեշտ է մտածել, թե դա ինչի կհանգեցնի, եթե այդ քայլը կատարվի միանգամից ու կտրուկ։ Այդ պարագայում տեղի կունենա հետևյալը։ Հայաստանի տնտեսությունը, ինչպես գիտենք, գտնվում է մի քանի մարդկանց ձեռքում։ Հետևաբար որպես մոնոպոլիստ՝ նրանք պիտի լինեն պատասխանատվության ենթարկվողների առաջին շարքերում։ Եվ ի՞նչ պիտի անեն նրանք այդ պարագայում։ Սկսվելու է Հայաստանի կապիտալի մասսայական արտահոսք երկրից։ Այդ մարդիկ ունեն կողմնակիցներ, որոնք թելերով կապված են նրանց։ Վերջիններս էլ սկսելու են իրենց բողոքն արտահայտել, ու հեչ պարտադիր չէ, որ դրանք արտահայտեն միտինգների ու ցույցերի տեսքով։ Բոլորս գիտենք, որ Հայաստանում նաև հարցերի լուծման ուրիշ, շատ ավելի վատ տարբերակներ կան։ Եվ արդյունքում ի՞նչ է ստացվելու։ Պետություն պետության մեջ կամ պետության համար անցանկալի բախումներ երկրի ներսում։ Եվ ուրեմն՝ անհրաժեշտ է անել պարզապես հետևյալը։ Կուլակաթափության փոխարեն պարզապես անհրաժեշտ է մարդկանց հասկացնել, որ նախկինում ինչ արել, չեն արել, այլևս անցյալում է, բավական է։ 2017 թվականից այլևս նման դեպքեր չեն լինելու ու առկայության պարագայում ենթարկվելու են պատասխանատվության։ Ի դեպ, 2007 թվականին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հենց այս լոզունգով վերադարձավ քաղաքական դաշտ՝ օլիգարխներից շատերին կոչ անելով միանալ իրենց, խոստանալով քրեական պատասխանատվության չենթարկել նրանց։ Ահա այսպիսի բաներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: