Իսկ հիմա ավելի լուրջ։ Քաղաքական սատիրան ժողովրդավարության անբաժանելի մասն է, որը ինչ-որ չափով գալիս է որոշելու ու սահմանելու տվյալ պետության իշխանության ու հասարակության միջև ձևավորված հարաբերությունները։ Հայ հասարակության մեջ, քչերը կգտնվեն, որ կհամաձայնվեն, որ ամենագլխավոր խնդիրներից մեկը բոլոր շերտերում ինքնաքննադատության պակասն է։ Այլ կերպ ասած՝ ինքներս մեզ վրա ծիծաղելու ո՛չ համարձակություն, ո՛չ էլ կամք չունենք։ Այս իրավիճակում ահա ի հայտ է գալիս խնդրո առարկան։ Դերասան Սերգեյ Դանիելյանը հայտարարել է նոր կուսակցություն բացելու մասին, որը կրելու է Քաղաքացիական ակտիվ քայլ անվանումը, կրճատ՝ ՔԱՔ։ Դանիելյանը հայտարարել է, որ սատարելու է իշխանական կուսակցությանը և, բնականաբար, այս ամենը տեղավորվում է չոր սարկազմի շրջանակներում։ Սակայն գլխավոր խնիդրն այն է, որ Դանիելյանը իր նախաձեռնությամբ չի նշում ոչ մի հիմնական թիրախ, նա փորձում է պարզապես մատնանշել այն բոլոր թերությունները, որոնք գոյություն ունեն մեր երկրի ներսում՝ դրանք ներկայացնելով ոչ քաղաքական տիրույթում, այլ տիրաժավորելով հիմնականում մշակութային գործոնը։ Սա կոչվում է ակցիոնիզմ, երբ հեղինակը փորձում է հստակ գիծ սահմանել իրականության ու արվեստի միջև՝ քաղաքական մոտիվացիայով։ Եվ ամենևին զարմանալի չի լինի, եթե քաղաքական դաշտի նման ապատիայի արդյունքում այս նախաձեռնությունը ահագին կողմնակիցներ հավաքի, ովքեր սովորաբար ընտրություններին մեծ քանակությամբ ձայն տալիս են անվավերին։ Մեծ հաշվով՝ սա իրականում տրագիկոմեդիայի պես մի բան է, որից, սակայն, զարմանալ պետք չէ։ Եթե բուն քաղաքական ուժերը նախընտրում են քաղաքական դաշտը լղոզել ակադեմիական ձևակերպումներով ու վարքով, Դանիելյանը այդ ամենը փորձում է անել սարկազմային ոճով։ Ու կրկնվենք, զարմանալի չի լինի, եթե հաջողի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: