Հանրության կյանքը հեշտացնելու համար կարևոր է նրանց համար հարմարավետ և նպաստավոր պայմաններ ստեղծել` իրենց կենցաղային և առաջնային անհրաժեշտության հարցերը կազմակերպելու համար: Այդ ֆոնին մարզերում ի հայտ են գալիս առաջին ծիծեռնակները: Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Գյումրիում գործարկվեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ, որի բացմանը ներկա է եղել ԱՆ Արփինե Հովհաննիսյանը:
Վստահորեն կարող ենք փաստել, որ հետայսու գյումրեցիները մոտ երեք տասնյակ պետական ծառայությունները կկարողանան ստանալ նաև «Հայփոստ»-ի գրասենյակում գործող միասնական օպերատորից:
ՀՀ վարչապետի հանձնարարականով մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու նաև բոլոր մարզերի գյուղական համայնքներում՝ այդպիսով պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով ՀՀ քաղաքացիներին:
Ծրագրի նպատակը քաղաքացիների հոգսի ու պետական մարմնից փաստաթուղթ ստանալու համար մայրաքաղաք կամ մարզկենտրոն հասնելու բեռի թեթևացումն է: Հարկ է նշել նաև, որ միասնական գրասենյակներից ստացված փաստաթղթերի վրա դրվելու է միասնական կնիք, որը արդարադատության նախարարությունը հաստատել է հատուկ պետական ծառայություններ մատուցող միասնական գրասենյակների համար:
Միասնական գրասենյակներում կմատուցվեն ՀՀ ոստիկանության մի շարք գործառույթներին վերաբերող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների տրամադրման ծառայություններ: