Կարեւորն այն է, որ նախապես ազդարարվածի համաձայն՝ «Լուսավոր Հայաստանը» (ԼՀԿ), «Հանրապետությունը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊԿ) երեկ հուշագիր ստորագրեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում համատեղ համագործակցության վերաբերյալ:
Պարզ ասած՝ հիշյալ կուսակցությունները պայմանավորվել են, որ առաջիկա ոչ միայն խորհրդարանական, այլեւ Երեւանի ավագանու ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այն է՝ դաշինքով: Երեկ հուշագիրն ստորագրեցին «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՔՊԿ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը եւ ԼՀԿ խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը:
Դատելով նրանից, թե ինչպես երեկ ստորագրողներն էլ գործն ավարտելուց հետո դիմեցին Աստծո օգնությանը, կարելի էր տարակուսել, որ արարողությանը հոգեւորական չէր մասնակցում կամ, այսպես ասած, օրհնության ծես չկատարվեց, մինչդեռ կարող էին:
«Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը»,- փրկչական հնչերանգով նկատեց Սասուն Միքայելյանը: Արամ Սարգսյանը հընթացս, փոքր-ինչ ավելի զուսպ նշեց. «Մեր նպատակները բարի ու անկեղծ են, թող Աստված օրհնի մեզ»: Իսկ Էդմոն Մարուքյանն էլ, ինչպես աղոթքի վերջում կասեին՝ «ամե՛ն», ամբողջացրեց պատկերը, ասելով՝ «Եվ թող Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունն ու մեր բռնած ուղին»: Չէ, այնուամենայնիվ, արժե հավելել՝ «ամե՛ն»:
Ինչ վերաբերում է ստորագրված բուն հուշագրին, ապա կողմերը համաձայնել են համատեղ քաղաքական գործունեություն ծավալել, մասնավորապես. «ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով,
բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով,
գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ,
դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների եւ հետաքրքրությունների համադրությամբ,
ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ ու կայուն զարգացումը»:
Դե ինչ, խորհրդարանական առաջիկա ընտրությունների նախաշեմին առաջին, պայմանական ասած՝ «Երեք հրացանակիրների» դաշինքը փաստաթղթորեն ձեւակերպվեց:
Իսկ թե այն որքանով կայուն եւ մրցունակ քաղաքական միավոր կլինի՝ կյանքը ցույց կտա: Առաջին անգամ չէ, իհարկե, մեր երկրի քաղաքական կյանքում նման դաշինք ձեւավորվում: Մինչ այս էլ մի շարք նման միավորումներ ստեղծվել են, բայց դրանք, որպես կանոն, «անկայուն միացություններ» են դուրս եկել:
Քաղաքական դաշինքների հարցում երեկվա արարողության մասնակիցներից առավել փորձառուն թերեւս «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանն է, ուստի հետաքրքիր է ծանոթանալ նրա դիտարկումներին։
«Սա մեր կուսակցության 15-ամյա գործունեության ընթացքում երրորդ դաշինքն է: Առաջինը «Արդարությունն» էր, որը հոկտեմբերի 27-ից հետո էր ձեւավորված, դատապարտված էր կրկնօրինակելու Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի «Միասնություն» դաշինքը: «Արդարությունը» որոշ հաջողություններ գրանցեց, բայց կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ կրկնօրինակը չի կարող կրկնություն դառնալ: Երկրորդը «Հայ ազգային կոնգրես» դաշինքն էր, որում ունեինք ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ներքաղաքական ու մարտավարական հարցերին վերաբերող տարաձայնություններ»,- հայտարարեց նա:
Իսկ այս երրորդ փոձրը, նրա կարծիքով, նախորդներից տարբերվում է ամենից առաջ նրանով, որ «ձեւավորվել է գաղափարական հենքի վրա՝ ի սկզբանե քննարկելով եւ ընդհանուր հայտարարի բերելով թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ մարտավարական ու ապագային միտված հարցերը»:
Նույն կարծիքին է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, որի խոսքով՝ այս դաշինքի պահանջարկը կար, իսկ գաղափարական ընդհանրություններ ունեցող երեք քաղաքական ուժերի համադրումը ի վիճակի է երկրում բեկում առաջացնել:
Հասկանալի է, իհարկե, որ դաշինք կազմած ուժերը նապոլեոնական ախորժակներ ու հավակնություններ ունեն, բայց, որքան էլ «հողեղեն» հնչի մեր դիտարկումը, պետք է ասել, որ այդ միավորումը դեռ պետք է կայանա որպես այդպիսին, դառնա ճանաչելի, որպես դաշինք դրսեւորվի քաղաքական դաշտում եւ անցուդարձում:
Մանավանդ այնպես չէ, որ դաշնակիցների միջեւ ժամանակին սեւ կատուներ չեն վազվզել: Վերցնենք թեկուզ ՔՊԿ նախաձեռնող ու փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ նույն Էդմոն Մարուքյանի լարված հարաբերությունները, որոնք կարող էին հեռուն գնալ, եթե չլիներ պատգամավոր Թեւան Պողոսյանի նախաձեռնած հայտնի «գինեըմպման» կամ «մի կտոր հաց կիսելու, ասել-խոսելու» հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, բացահայտ կասկածում էր, որ Էդմոն Մարուքյանը, այսպես ասենք՝ լիովին ընդդիմադիր դիրքերում է:
Երեկ այդ հանգամանքին անդրադառնալով՝ Ն.Փաշինյանը մասնավորապես նկատեց. «Մենք այդ ընթացքում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք մեր տարընթերցումները, եւ այսօր, ի դեմս այս փաստաթղթի, ունենք այս իրավիճակը: Այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են, եւ մենք հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք ընտրել: Մենք հակասությունները հաղթահարել ենք եւ համագործակցության հիմքեր ենք դնելու»:
Դժվար չէ նկատել, որ միառժամանակ մի կողմ են դրվել դաշինքի վարչապետի թեկնածուի կամ կոնկրետ ղեկավար ունենալու հարցը: Նախքան այս զարգացումները, ՔՊԿ վարչապետի թեկնածուն, բնականաբար, այդ կուսակցության ղեկավարն էր, այսինքն՝ Փաշինյանը: Հիմա, հասկանալի է, պայմանավորվող կողմերը դեռ պետք է բանակցեն այդ ու էլի մի շարք հարցերի շուրջ:
Համենայն դեպս, այս դաշինքի փաստաթղթավորումը կարող է «արագացնել իրադարձությունները», խթանել, որ ընդդիմադիր այլ ուժեր եւս գնան դաշինք կազմելու ճանապարհով, եւ եկող տարվա գարնանն ականատես լինենք ոչ թե տասնյակից ավելի, այլ ընդամենը մի քանի խոշոր քաղաքական միավորումների լուրջ պայքարի:
Համենայն դեպս, առաժմ չարժե հապշտապ հետեւություններ անել: Հենց միայն հուշագիր ստորագրելը կամ գաղափարական հենքի մասին հայտարարությունները քիչ են: «Երեք հրացանակիրների» դաշինքը դեռ պետք է քաղաքականությամբ հետաքրքրված հանրությանը ներկայանա որպես կենսունակ քաղաքական միավոր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել