Րաֆֆին գնալով ավելի ու ավելի ձանձրալի է դառնում: Էսօր միտինգի տեղը կանգնած մեռանք հորանջելով: Ոչ նորմալ ասելիք կա, ոչ նորմալ խոսք ասող: Թերևս միայն Նիկոլը գեղեցիկ խոսեց, ժողովրդին արթնացրեց: Մնացածը անհավես պատերի տակ շարված էին: Եթե առաջ Րաֆֆու անկանխատեսելիությունը դուրս գալիս էր ու մտածում էի՝ նա դա կարող է հրաշալիորեն օգտագործել ու երկարաժամկետ կանխատեսումների սիրահար ՍերԺ Սարգսյանի թիմին անակնկալ մատուցել, այսօր հասկացա, որ Րաֆֆու գործողություններն ու մտքերը մառազմի շարքից են: Նամակ գրենք Սերժին, Տարոնին, մարզպետներին… է հետո՞: Սուր խոսքի ու գործողությունների կարոտ ժողովուրդը հրապարակում քո թերհաս նամակներին ծափահարելու համար չի որ հավաքվել է:
Ինչան հասկանում եմ էս մարդու նպատակը ժողովրդին էլ ավելի թևաթափ անելն ու հոգնեցնելն է: Ասում է գնանք երկարաժամկետ պայքարի: 1 տարի, 2, 3… իսկ վե՞րջը: Ո՞վ այդքան հավես ունի, ո՞վ կհամաձայնի շաբաթը մեկ հավաքվել ու ոչ մի նոր բան չլսել: Կամ եթե ասելիք չկա, ինչի՞ ես մարդկանց հավաքում նորից: Հետո էլ ասում եք Դժվար ապրուստ սերիալը վերջացել է: Չէ, տղերք, դա միայն նոր է սկսում ու սցենարը Րաֆֆին է գրել: Չգիտեմ քաղաքագիտության մեջ սերիալային քաղաքականություն եզրույթ արդեն ներմուծված է, թե չէ, բայց վստահ եմ Րաֆֆին դրա սկզբնավորողը կարող է դառնալ: Կասեմ վաղը, կխոսեմ, ամսի 2-ին, 5-ին: Իսկ ինչո՞ւ չես խոսում հիմա, ինչի՞ ենք այսօր հավաքվել էստեղ:
Եթե կարճ կապեմ, ապա Րաֆֆին շարքային քաղքական թերհաս է: Գնում հանդիպում ես Ծառուկյանի հետ, որ ի՞նչ անես: Հերթական Ո՞Չ-ն ես ուզում լսել ու հետո նեղացած երեխու պես գալ ու գանգատվել, որ ՈՉ ասեցին քեզ: Ո՞ւմ համար պարզ չէր, որ Ծառուկյանը ՈՉ է ասելու, կամ ցրելու է քեզ:
Վստահ եմ ժամեր անց ինչ-որ քաղաքական մտքի տիտաններ նույն ձևով կփորձեն բացատրել քո մառազմատիկ դրսևորումները, ինչպես ժամանակին ԼՏՊ-ի գործողություններում էին խորիմաստություն տեսնում: Բայց մեկ բառով նկարագրեմ վիճակս՝ ես հիասթափված եմ: Հիասթափված եմ քեզնից Րաֆֆի: