Մինչ ընտրությունները խոսել էինք, որ ընտրություններին բարձր մասնակցության ապահովումը լինելու է այս իշխանությունների վերարտադրության հիմնական մեխանիզմը(մանրամասն` այստեղ ), սակայն մեր դիտարկումները և վիճակագրական վերլուծությունները կատարել էինք` հենվելով ըստ մարզերի ընտրությունների արդյունքերի վրա, որոնք տալիս են շատ մոտավոր արդյունքներ: Չփորձելով այստեղ մանրամասն անդրադառնալ այն մեխանիզմին, թե ինչպես են ընտրություններին բարձր մասնակցություն ապահովելով, այս իշխանությունները ապահովում իրենց համար անհրաժեշտ քվեների մակարդակ, քանի որ դրան կարող եք ծանոթանալ վերևում նշված հղմամբ գնալով, ձեզ ենք ներկայացնում այս նախագահական ընտրություններին առնչվող մի քանի դիտարկումներ, որոնք հիմնավորում են մեր նախկին հարցադրումները և դեռ ավելին, այս դիտարկումները հիմնված են ավելի ճշգրիտ հաշվարկների վրա:
Այսպես, երբ դիտարկում են 1988 ընտրատեղամասերի գրաֆիկական բաշխվածությունը` ըստ այդ տեղամասերում ընտրողների մասնակցության ցուցանիշի(%) և Սերժ Սարգսյանի օգտին քվեարկության ցուցանիշի(%), ստանում ենք հետևյալ պատկերը.
Նկ. 1
Այս գրաֆիկական մոդելում ինչպես տեսնում եք, դիտվում է հստակ կապ ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցության և Սերժ Սարգսյանի օգտին քվեարկության ցուցնիշների միջև: Ձեզ չմոլորեցնելով վիճակագրական տերմինների ու ցուցանիշների մեջ, նշենք, որ եթե ըստ 1988 ընտրատեղամասերի հաշվարկենք կորելյացիայի գործակից ընտրություններին մասնակցության ցուցանիշի և Սերժ Սարգսյանի օգտին քվեարկության ցուցանիշների միջև, ապա կունենանք +0.715255 ցուցանիշ, որը երևույթների միջև կապը հաստատող բավական բարձր ցուցանիշ է: Այսինքն որքան բարձր է եղել ընտրություններին մասնակցությունը անքան իշխանական թեկնածուն հաջողել է այդ տեղամասում: Իսկ դրա պատճառների մասին ավելի մանրամասն այստեղ:
Բավական հետաքրքիր է նաև Սերժ Սարգսյանի օգտին քվեարկության և ընտրություններին մասնակցության քարտեզների համեմատումը միմյանց հետ(Տես նկ. 2)
Նկ. 2
Նկ. 2-ում տեղ գտած քարտեզները ըստ էության Նկ. 1-ի գրաֆիկի քարտեզագրական արտացոլումն են` ըստ մարզերի: Եվ եթե համամատեք, համադրեք վերջին երկու քարտեզները, կտեսնեք, որ մարզերում որքան բարձր է մասնակցությունը(բաց կանաչից մուգ կանաչ), այնքան բարձր է Սերժ Սարգսյանի օգտին քվերակությունը(բաց կարմիրից մուգ կարմիր):
Նկ. 3
Նկ. 3-ում արտացոլված է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկությունը ըստ մարզերի: Ինչպես տեսնում ենք այս թեկնածուն առավել լուրջ հաջողություններ է գրանցել հանրապետության հյուսիս-արևելյան, հյուսիսային և կենտրոնական հատվածում: Իսկ մեզ հայտնի է, որ գրեթե բոլոր ընտրություններում այս շրջանները առավելապես քվեարկել են ընդդիմադիր թեկնածուների օգտին(այս մասին առավել մանրամասն տե´ս Ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում: Աշխարհագրական վերլուծություն, էջ 29-58 ): Այս անգամ ևս բացառություն չէր: Սակայն անհրաժեշտ է նշել մի կարևոր հանգամանք:
Մեր նախկին հրապարակումներում բազմիցս խոսել ենք այն մասին, որ ընտրությունների արդունքների վրա և մասնավորապես իշխանական թեկնածուի հաջողության վրա մեծ ազդեցություն են ունենում գյուղական բնակավայրերի և հատկապես հեռավոր ու ծայրամասային գյուղական բնակավայրերի քվեարկության արդյունքները: Եվ այս նախագահական ընտրությունների դեպքում ևս մենք նկատեցինք այս երևույթը, մասնավորապես` դիտարկելով համապետական մասշտաբով գյուղական և քաղաքային բնակավայրերում ընտրությունների արդյուքները(Տես Նկ. 4)
Նկ. 4
Ինչպես տեսնում ենք Նկ. 4-ից համեմատական առումով Սերժ Սարգսյանը բավական բարձր արդյուքներ է գրանցել հանրապետության գյուղական բնակավայրերում: Իսկ ահա քաղաքայն բնակավայրերում նրա հաջողությունները էական չեն(որպես հավելում նշենք որ մազկենտրոններում, որտեղ քիչ թե շատ արդար ընտրություներ են եղել, Ռաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 298602 քվե, իսկ Սերժ Սարգսյանը 296441 քվե):
Սակայն այս նախագահական ընտրությունների արդյուքները և նամանավանդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկության աշխարհագրական պատկերը(տե´ս Նկ.3) մեկնաբանելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մարզի ընտրողների ընդհանուր թվում քաղաքային ընտրողների մասնաբաժնին, որը ըստ էության 2013թ. նախագահական ընտրությունների արդյուքների աշխարհագրությունը պայմանավորող կարևոր գործոն էր: Այսպես, այն մարզերում, որտեղ ընտրությանը մասնակցածների ընդհանուր թվում մեծ մասնաբաժին են կազմել քաղաքաբնակ ընտրողները(Շիրակ, Լոռի, Կոտայք, Տավուշ), այդ մարզերում զգալի հաջողություններ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանը(Տե´ս Նկ. 3): Այստեղ բացառություն է կազմում Սյունիքի մարզը, որտեղ ընտրությանը մասնակցածների ընդհանուր թվի ավելի քան 63%-ը եղել են քաղաքաբնակ ընտրողներ, սակայն այստեղ Ր. Հովհաննիսյանը համեմատած Ս. Սարգսյանի հետ լուրջ արդյուքներ չի գրանցել: Սակայն եթե համեմատենք այս ընտրություններում Սյունիքի մարզի արդյուքները նախորդ ընտրությունների արդյունքերի հետ, կարող ենք նշել, որ այս ընտրություններում Սյունիքը ընդհանուր առմամբ իշխանական թեկնածուի համար բարեհաջող շրջան չի եղել: Նույնը վերաբերվում է նաև ընտրություններին ընտրողների մասնակցությանը, քանի որ սովորաբար առավել բարձր մասնակցությամբ աչքի էր ընկնում Սյունիքը, իսկ այս ընտրություններում այն ցուցաբերեց միջին արդյուքներ: Հավանաբար այս ցածր մասնակցությունն էլ պատճառ հանդիսացավ, որ այս ընտրութուններում Սյունիքը հանդես չեկավ իշխանական ուժերի "ֆորպոստ":
Սակայն այն մարզերում, որտեղ նկատվել է ընտրություններին մասնակցածների ընդհանուր թվում գյուղական ընտրողների մեծ մասնաբաժին(Արագածոտն-77,4%. Արարատ-71,6%, Գեղարքունիք-64,4%), այդ մարզերում նկատվել է իշխանական թեկնածուի` Սերժ Սարգսյանի օգտին քվեարկության չափազանց բարձր մակարդակ(Արագածոտն-64,67%, Արարատ` 74,9%, Գեղարքունիք-78,2%) տե´ս Նկ. 2)
Անդրադառնալով 2013թ. նախագահական ընտրությունների ընդհանուր աշխարհագրական պատկերին, այն պայմանավարող հանգամանքներին ավելորդ ենք համարում այստեղ ավելի հանգամանալի վերլուծություն և մեկնաբանություններ ներկայացնել: Սակայն որպես այս վերլուծության հիմնական եզրակացություն կարելի է համարելվերջին նախագահական ընտրություններում "գյուղ-քաղաք" ընտրական խզվածքի առավել ակնհայտ դրսևորումը և այդ համատեքստում ընտրություններին ընտրողների մասնակցությունը, որը մեծապես ազդեց 2013 թվականի նախագահական ընտրությունների ոչ միայն աշխարհագրական պատկերի, այլ ընտրությունների ընդհանուր ելքի վրա: Իսկ թե մեր հանրապետությունում ինչու է գյուղական ընտրազանգվածը այդքան էական դեր խաղում ընտրությունների ելքի որոշման հարցում, առաջարկում ենք ծանոթանալ այստեղ` Ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում: Աշխարհագրական վերլուծություն, էջ 62-63:
Նյութի աղբյուր՝ http://husikghulyan.blogspot.com/2013/03/2013.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել