Քանիցս առիթ ենք ունեցել համոզվելու, որ այն միտքը, թե հայրենիքը սկսվում է սահմանից, բացարձակ կատեգորիա է: Սա բոլորիս մոտ ավելի արմատացավ հատկապես այս տարվա ապրիլից հետո: Ուստի յուրաքանչյուր նախաձեռնություն, ինչը կապված է սահմանապահ համայնքների ուժեղացմանը և ամրացմանը, պետք է ունենա շարունակական բնույթ և լայն շերտերի աջակցություն ստանա:
Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն էլէներգիայի համար, քանի որ օրերս «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը համայնքի 316 ընտանիքների տրամադրեց 5-ական էներգախնայող լամպ: Բնակիչները մեծ ոգևորությամբ են ընդունել նախաձեռնության գաղափարը` բարձր գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու աջակցությունը:
Միջոցառման նախաձեռնողները նախատեսել են նմանատիպ լամպեր տեղադրել ՀՀ սահմանամերձ 33 համայնքներում, ինչպես նաև Արցախին: Լամպերը կարող են խնայել մինչև 90% էլէներգիա, քան սովորական լամպերը: Նրանց օգտագործման ժամկետը մինչև 10 տարի է: Նախաձեռնությունը նախատեսում է էներգախնայող լամպերով ապահովել 16500 ընտանիքի: Հետաքրքրասերների համար նշեմ, որ մեկ լամպի արժեքը 1500 դրամ է:
Ինչ խոսք, բավականին լուրջ միջոցառում է, որը կարող է օրինակ ծառայել և խթան հանդիսանալ նմանօրինակ այլ կենցաղային հարցերում սահմանին ապրող մեր հայրենակիցներին հնարավոր ամեն ինչով աջակցելու համար:
Այդ աջակցություններն այն փոքր և աննշան շնորհակալությունն է, որը մենք կարող ենք հայտնել պետական սահմանից մի քանի մետր, հակառակորդի գնդակոծման մշտական սպառնալիքի տակ ապրող մեր քաղաքացիների համար: