3,860,000 դոլար` Հայ Դատի աշխատանքների համարYerkir.am-ը գրում է. 

Դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու հիմնարարար ազատությունների, ժողովուրդների իրավունքների ու ինքնորոշման իրավունքի օրը, Փարիզի կենտրոնում, Ելիսյան պալատի հարեւանությամբ Cercle de l’Union Interalliée դահլիճում, ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ, հավաքվել էին հոգեւոր, պետական, քաղաքական, կուսակցական այրեր, միասնաբար մասնակցելու Հայ Դատի աշխատնքների հզորացման ու աջակցության համար կազմակերպված դրամահավաք ճաշկերույթին։
 Պատվո սեղանի շուրջ էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջին վեհափառը, ՀՀ Արտաքին Գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Վատիկանում եւ Ֆրանիսայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Միքայել Մինասյանն ու Վիգեն Չիթեչյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանն ու պատվո նախագահ Գաբրիել Չեմբերջին, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիս. Հովհաննիսյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրատ Փափազյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին։
 Ողջունելով ներկաներին եւ Հայ Դատին հանգանակության մասնակցած բոլոր բարերաներին, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձավ Հայ Դատի հանձնախմբերի գործունեությանն ու նրանց վարած աշխատանքի քաղաքական ու ռազմավարական կարեւորույթանը։ «Հայ Դատի պայքարը անցյալի համար չէ։ Հայաստանի Հանրապետության, այսօրվա Հայաստանի անվտանգության պայքար է», շեշտեց նա։
 Բանախոսը հատուկ կարեւորեց հանգամանքը, որ Հայ Դատի համար աշխատանքները հիմնված են տեսլականի վրա՝ հանուն Հայաստանի եւ հայության։ «Եթե մենք դադարենք նպատակ ունեցող ազգ լինել, մենք կոչնչանանք, կկորչի մեր էությունը։ Պայքարն է, որ հայության զարգացման պայմանն է հանդիսանում», շեշտեց Հրանտ Մարգարյանն ու մանրամասնեց, որ հանուն Հայ Դատի պայքարը կուսակցական հարց չէ։ Նա ցավով արձանագրեց, որ այս բնագավառում աշխատող շատ քիչ թվով կամզակերպություններ կան, այդ իսկ պատճառով՝ ճակատագրով այդ գործը վիճակված է ՀՅ Դաշնակցությանը։ Եթե շատերը լինեին այդ պայքարում, ապա կլիներ առողջ մրցակցություն, ու արդյունքներն էլ ավելին կլինեին։ Թեեւ Հայ Դատի հանձնախմբերի ու գրասենյակների մղած պայքարն ունի ահռելի արդյունքներ անգամ հիմա, շեշտեց Հրանտ Մարգարյանն ու հիշեցրեց վերջին թարմ օրինակը, երբ Ադրբեջանը բողոքում է այն փաստի դեմ, որ Ֆրանիսայի նորանշանակ ներքին գործերի նախարարը նրանց սեւ ցուցակում է հայտնվել, քանի որ ՀՅԴ Հայ Դատի նախաձեռնությամբ այցելել է Արցախ։ Դրամահավաքով առավել հզորացած Հայ Դատի հանձնախմբերը շատ ավելի քաղաքական գործիչների կարող են բերել Արցախ, շատ ավելի գործ կարող են անել, ամփոփեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։
 Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ողջույնի իր խոսքում հիշեցրեց դեռ 10 տարի առաջ, նույն Փարիզում Pro Armenia խորագրով կայացած համաժողովը, երբ դեռ դեսպան էր Ֆրանիսայում։ Դրանից անցել են երկար տարիներ, արձանագրվել են բազում ձեռքբերումներ։ «Ոչ բոլոր ժողովուրդներն ունեն իրենց անունով դատ, երազում ենք գա մի օր, որ այդ դատ լուծվի» շեշտեց նա։ Նա հաջորղության մաղթեց Հայ Դատի աշխատանքներին ու մաղթեց, որ ձեռքբերումները ուղեկցեն այդ դատի սպասավորներին։
 Պայքարի սպասավորությանն ու կամավորույթանն անդրադարձավ նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ «Եթե չլիներ նվիրումը, հանձնառությունը, արդյունքն էլ չէր լինի։ Մենք հարուստ չենք, բայց նվիրումով, փոքր գումարով հսկա գործ է կատարվում։ Մենք պետք է կարողանանք միախմբվել» արձանագրեց Վեհափառը։ Նա խոսեց հայության իրավունքների պաշտպանության, Դատի հետապնդման մասին, հիշեցնելով, որ օրերս Սիսի կաթողիկոսանիստի վերադարձի պահանջով դիմել են Եվրադատարնին։
 Վեհափառը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հատուկ կարեւորեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի հաշվետվողականությունը։ Այն գումարները, որ հանգանակվում են, հետո նաեւ դրանց շուրջ մանրամասն հաշվետվություն են ներկայցավում։ Դրա համար էլ այն վստահելի է ու արժանանում է աջակցության։
 Հաշվետվությունը ներկայացրեց ՀՅԴ Բյուորյի անդամ, Հայ Դատի Կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր Խաչատրյանը, յատուկ պատրաստված ցուցասալիկներով։ Նա ներկայացրեց հանձնախմբերի եւ գրասենյակների կատարած գործը, ապա մանրակրկիտ թվական հաշվետվության ներկայացրեց հանրությանը։ Հավաքի ընթացքում ցուցադրվեց Հայ Դատի հանձնախմբերի անցած մի քանի տարվա ուղին ներկայացնող տեսանյութ։
 Ողջ հավաքի ընթացքում օրվա հանդիսավար Ստեփան Տեր-Պետրոսյանը պարբերաբար հայտարարում էր այն նվիրատվությունների մասին, որոնք կատարվում էին դահլիճում, ու մինչ այդ արդեն կատարվել էին անցնող շաբաթների ընթացքում։ Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, Հայաստանում (Կենտրոնական գրասենյակ) եւ միջազգային կազմակերպություններում Հայ Դատի աշխտանքների համար, հազար դոլարից ու եվրոյից մինչեւ մի քանի տասնյակ հազարանոց նվիրատվություններ, որ կատարվում էին Եվրոպայի, Մերձավոր ու միջին Արեւելքի երկրներից, Ռուսաստանից ու հատակպես՝ Հայաստանից։ Ավարտին արդեն հրապարկվեցին նաեւ մի քանի խոշորածավալ նվիրատվությունների մասին։ 250 հազարական դոլարի նվիրատվություններ էին կատարել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել եւ Կարեն Կարապետյանները, 150 հազար՝ Սամվել Ալեքսանյանը, 100 հազարական դոլարի՝ Միքայել Վարդանյանը, Կարեն Վարդանյանը, «Փյունիկ» հիմնադրամը, Մայքըլ Սարյանը։ Արդյունքում հրապարակվեց վերջնական հանգնակված թիվը՝ 3 միլիոն 860 հազար դոլար, որը կարող է նաեւ ավելանալ առաջիկա օրերին։
 ՀՅԴ Բյուրոյի ներկայացուիցչ Հրանտ Մարգարյանը ավարտին գոհունակություն հայտնեց դրամահավաքի արդյունքների առիթով, շնորհակալություն հայտնեց բոլոր նվիրատուներին, եւ վստահեցրեց, որ այն ծառայելու է մեր ժողովուրդների իրավունքների, Հյասատանի հանրապետության ու Արցախի հանրապետության անվտանգության բարձրացման եւ ամրապնդման գործին։
 Ճաշկերույթն ավարտվեց ու գիշերին։ Իսկ ահա վաղ առավոտյան Հայ Դատի տարածաշրջանային հանձնախմբերի պատասխանատուներն ու ՀՅԴ Բյուրոյի հայ Դատի կենտրոնական խորհրդի անդամները գործնական աշխատանքի մեջ էին։
 Օգտվելով հանգամանքից, որ այդ օրերնի Փարիզում կայացել էր Եվրոպայի տարածքի Հայաստանի դեսպանների հավաքը, նրանք ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի եւ եվրոպական միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների հետ, մոտ չորս ժամանոց խորհրդակցությունում քննարկեցին բազում հարցեր (լրատվութըունն՝ առանձին)։ Փակագծերը չբացեցին։ Բայց վստահեցնում են՝ համատեղ աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել