Խնդիրը, սակայն, այս դաշինքի կազմման տրամաբանությունն է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ՏԻՄ ընտրություններում ԼՀ և ՔՊ կուսակցությունները միմյանց հանդեպ բավականին լուրջ, տեղ-տեղ վիրավորական քննադատություններ էին անում, սակայն այսօր նրանք կանգնած են իրար կողքի մեկ նպատակի համար։ Քաղաքականությունը, ինչ խոսք, դինամիկ գործընթաց է, և այսօրվա թշնամիները վաղը կարող են դառնալ միմյանց բարեկամ կոնկրետ նպատակի համար (ինքչան էլ որ նպատակները երկարաժամկետ լինեն): Սակայն նույնիսկ այդ դեպքում շատ կարևոր է, որ այդ գործընթացը ունենա տրամաբանություն, ունենա լուրջ հիմնավորումներ ու կոգնիտիվ դիսոնանս չառաջացնի նախևառաջ ընտրողի մոտ։ Դիպուկ օրինակ է 2014 թվականին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն կուսակցությունների համագործակցությունը, երբ ձևավորվել էր եռյակ միությունը՝ ըննդեմ գործող իշխանության։ Այդ ժամանակ շատերը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատում էին քաղաքագիտական վերլուծության համար, ու նույնիսկ յուրայինները չէին հավատում, որ մի օր Գագիկ Ծառուկյանը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ծառուկյանը ոչ միայն կանգնեց հարթակում, այլև պահանջեց այդ հրաժարականը։ Արդյունք, իհարկե, չեղավ, ինչը շատ կարևոր է, սակայն այդ համագործակցությունը տեղի չունեցավ միանգամից ու երկու տարիների քաղաքական կոնսուլտացիաների արդյունք էր։ Այժմյան իրավիճակը տարբերվում է նախորդից, որովհետև այս կուսակցությունների միմյանց հասցեին հնչեցրած գնահատականները, որոնք, ի դեպ, նույն արժեքային համակարգում են գտնվում, դեռ թարմ են հանրության ուղեղներում։
Ինչևէ։ Դաշինքը, որը հետագայում միտված է նաև մեկ կուսակցության շուրջ համախմբվելու ու գործունեություն ծավալելու, այլևս փաստ է։ Փաստ է նաև, որ այս ուժերն ամեն դեպքում հասկանում են, որ միայնակ, իրար ծվատելով ընտրությունների գնալը փակուղի ու պարտության տանող ճանապարհ է։ Չենք կասկածում վերոնշյալ ուժերի ընդդիմադիր կեցվածքին, սակայն նշված մտավախությունները նույնպես անտեսել չենք կարող։