Картинки по запросу politicsՄեզանում ամենից «թանկ» ու «գին չունեցող» բանը ընտրողի քվեն է...

Մի որոշ ժամանակ առաջ մի կարծիք էի գրել մեր տիպի երկրներում առկա «յուրահատուկ» դեմոկրատիայի պայմաններում գիտակից քաղաքացու դեֆիցիտի ու նրա՝ ընտություններին մասնակցելուց բխող մեծ ռիսկերի վերաբերյալ: Եղան մարդիկ, ում զարմացրեց կարծիքս: Եղան այնպիսիները, ովքեր սկսեցին հետս մասնագիտական զրույց - քննարկում տանել՝ փորձելով «լուսավորել» ինձ դեմոկրատիայի՝ որպես անգնահատելի արժեքի նրբությունների ու կարևորության մասին: :)
Մինչդեռ հենց քննարկման հաջորդ օրն իմ գրառման մեջ դիտարկված «ռիսկը» քաղաքական հարթակ «վերադարձավ»: Իր տան առջև «բազմաթիվ մարդկանց միտինգ-խնդրանքի» արդյունքում քաղաքականություն է «վերադարձել» Գ.Ծառուկյանը...

Լավ է արել վերադարձել է. դա իր ու ինչ-որ օղակների խելացի ու խելամիտ ռազմավարության արդյունք է: Իմ նշած ռիսկը ոչ թե ինքն է, այլ այն մարդիկ, ովքեր պատրաստ են իրեն ընտրել: Ընտրել իրեն, քանի որ նա մոտ 40% աղքատություն ունեցող երկրում ներկայանում է որպես բարեգործ, որպես գործարար ումից կարելի է գումար ստանալ/պոկել այս կամ այն՝ այդ թվում խիստ անձնական խնդրի լուծման համար: ՈՒ «սովորական» քաղաքացիների մի զգալի մասը հենց միայն այդ գումարի համար պատրաստ են հետևել նրան: Ու, երբ հանկարծ նա այլևս պետք չլինի, մեկ րոպեում կարող են մոռանալ նրան: Կարծեմ նման իրավիճակում մենք մեկ անգամ արդեն «հայտնվել» ենք:

Այսօր մարդիկ չեն ըմբռնում ակնհայտ ճշմարտություններ, որ քաղաքական գործիչները չեն կարող բարեգործներ լինեն, քաղաքական «գործիչներն» առաջին հերթին ունեն իրենց կոնկրետ անձնական շահերը: Կամ նրանց առջև դրված է կոնկրետ խնդրի, որի լուծմանն է ուղղվելու նրանց՝ այդ թվում քաղաքական ռեսուրսը: Չնայած միգուցե մարդիկ շատ լավ էլ ըմբռնում են առկա իրավիճակը, ուղղակի ակնկալելի ֆինանսական կոնյուկտուրայում նրանց շահեկան է «չըմբռնողի կարգավիճակը»:

Այսօր ՀՀ անապահով քաղաքացին մեծ հաշվով ցանկացած մարդու պատրաստ է ընտրել, ումից նյութական օգուտ ունի: Սա մի տեսակ ակսիոմ է դարձել: Սա նրա քաղաքական գիտակցության լավագույն գնահատականն է, որի համար բազմաթիվ մեղավորներ կան: Ու երբ ես փաստում եմ, որ մերօրյա դեմոկրատիայի ռիսկը ընտրելու իրավունք ունեցող, սակայն ոչ բավարար գիտակից քաղաքացին է, պետք չի զարմանալ ու զայրանալ: Ձեր իմացած «ուչեբնիկային» ու տեսական դեմոկրատիան շատ է տարբերվում մեր ազգային ու հանրային նկարագրի առանձնահատուկություններով համեմված փողոցային դեմոկրատիայից, ուր ամենից «թանկ» ու «գին չունեցող» բանը ընտրողի քվեն է ընտրություններից առաջ և հետո....

Ու նման մարդիկ շատ են, չափից շատ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել