Armenpress.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի 109-րդ լիագումար նիստին և ներկայացրել սահմանադրական երկու օրենքների նախագծերով նախատեսվող փոփոխությունները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հենց այս նստաշրջանում պետք է հաստատվեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ և Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Արմենպրես»-ը կապ է հաստատել Վենետիկում գտնվող Արփինե Հովհաննիսյանի հետ՝ իմանալու համար ներկայացված նախագծերի վերաբերյալ միջազգային մասնագիտացած կառույցների ներկայացուցիչների դիտարկումներն ու կարծիքները:

Արդարադատության նախարարի խոսքով՝ միջազգային գործընկերները նշել են, որ նախագծերով առաջարկվող կարգավորումները համապատասխանում են միջազգային ընդունված բոլոր չափանիշներին:

«Իսկ նրանց կարծիքը նախագծերի վերաբերյալ եղել է շատ բարձր ու դրական»,- ասել է նախարարը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ այս նստաշրջանում հաստատվող կարծիքում առկա առաջարկները ևս կքննարկվեն ու կարտացոլվեն երկրորդ ընթերցման տեքստերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել