Image result for journalismԱյսօր լրագրողը պատասխանատվություն կրող օղակ է հանրային ու պետական խնդիրների լուծման դաշտում...

Երեկ Աժ պատգամավորը հարվածել էր ԱԺ-ում հավատարմագրված լրագրողին: Երկուսն էլ փաստեցին եղելության մասին, երկուսն էլ ինչ-որ մեկնաբանություններ արեցին: Փաստը ինքնին խիստ քննադատելի է: Համացանցում հազարավոր դիտարկումներ եղան այս մասին: Մարդիկ տարբեր կողմերից էին հարցին մոտենում, փորձում պատճառներ, հիմքեր գտնել, քննադատել, արդարացնել և այլն: Սակայն հիմնական միտումը քննադատողական էր, և դա, կարծում եմ, արդարացի է: Ես չեմ անդրադառնա «դեմ» ու «կողմ» փաստարկներին ու չեմ անդրադառնա նաև պատգամավորի պահվածքին, այլ կփորձեմ մի քանի դիտարկում անել մեր լրագրողական դաշտի ու նրա մի քանի կարևոր սեգմենտների մասին:

Մեր լրագրողները շատ տարբեր են. ոլորտի հնաբնակների մի մասը իրոք մեծ հարգանքի ու գնահատանքի արժանի մարդիկ են, ու դիտարկումները, նյութերը, խմբագրականները, ՖԲ գրառումները ես ինքս հետաքրքրությամբ կարդում եմ: Կարծում եմ՝ նրանց մի մասից ահագին բան կա սովորելու ոչ միայն սովորական ընթերցողի, այլ հատկապես մնացյալ լրագրողների, մեկնաբանների համար:

Այսօրվա Հայաստանում մեդիա ազատությունը ու անկախ լրագրության դրսևումները շոշափելի ձեռքբերում են: Փաստ է, որ մեր երկրում երկրի նախագահից սկսած մինչև վերջին չինովնիկ, ոստիկան, դասախոս ու այլ մարդու վերաբերյալ կարելի է խիստ, սուր քննդատական դիտարկումներ անել, երբեմն՝ ծայրահեղ քննադատական: Սա, կարծում եմ, ձեռքբերում է մեր երկրում ազատ խոսքի, (սակայն շոշափելի ռիսկ երբեմն չհիմնավորված խոսքի, մեդիագրագիտության) առումով: Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանում դրա համար արդեն դատական պատասխանատվության են ենթարկում, վաղուց փակում թերթեր, ԶԼՄ-ներ:

Ցավալի է, սակայն այսօր լրագրողի (ինչպես նաև շատ այլ մասնագիտությունների) մասնագիտության նկատմամբ նշաձողը բավական իջել է, ու երբեմն անհասկանալի են այն պահանջները, որոնք պետք են լրագրող դառնալու համար. բազմաթիվ երիտասարդ երեխեք ինչ-որ մի գումար վաստակելու համար մտնում են տարբեր լրատվական կայքեր, դառնում են «լրագրող», օրվա մեջ մի քանի նյութ են տալիս, վազվզում են ասուլիսից ասուլիս, երբեմն անգամ չիմանալով, թե հերթական ասուլիսի վայրում ով է բանախոսը և ինչ օրակարգի մասին է խոսում, լուր են սարքում ուղարկում իրենց խմբագիրներին: Մի քիչ փող են աշխատում: Մի խոսքով՝ բարդ ու խառնաշփոթ իրավիճակ: Սա, սակայն, իրավիճակի մի կողմն է միայն:

Ունենք լրագրողների դաշտի այնպիսի հատվածներ, ովքեր կոնկրետ խնդիր են լուծում, ում ամեն հոդվածի արդյունքում երկրում մեկ անապահով ընտանիքի, մեկ հիվանդ երեխայի, մեկ անօրեն կերպով դատական որոշման զոհ դարձած մարդու, մեկ զինվորի, մեկ ուսանողի խնդիր է լուծվում: Իրենք մասնագիտորեն ու իրենց նկարագրի բարոյական կողմով պահում են մի շատ կարևոր ու անհրաժեշտ նշաձող: Նրանք, իհարկե, քիչ են, բայց դեռ կան: Սա օրենքով, ինչ-որ կանոնակարգերով, կոչերով չես կարող իրողություն դարձնել: Սա, բացի մասնագիտական գրագիտությունից, նաև ներքին բարոյագիտության հարց է:

Մյուս կողմից ունենք նաև լրագրողներ, ովքեր բացառապես նստած են սկանդալային տեղեկատվության տարածման վրա, ովքեր, ասենք, 2016-ի ապրիլյան դեպքերի ընթացքում կարող են չճշտված տեղեկատվություն տարածել՝ իմանալով դրա բոլոր ռիսկերը մեր պետության ու համաքաղաքացիների համար: Իրենց ես չեմ գնահատի որևէ կերպ:

Կարելի է շատ այլ իրավիճակների էլ անդրադառնալ՝ քննադատելով ու գովաբանելով ինչ-որ հանգամանքներ, սակայն մեկ կարևոր իրողություն պետք է հաշվի առնել. տեղեկատվության հետ պետք է շատ զգույշ ու օպերատիվ աշխատել: Իսկ դրա համար պետք են հմտություններ, փորձ, տրամաբանություն և բարոյական, արժեքային հստակ կողմնորոշիչներ:
Մեր երկրներում լրագրողը նաև կարևոր վերահսկող գործառույթ ունի, ում տված տեղեկատվության ու դրանից կախված՝ հանրային/պետական արձագանքով կարող են շատ-շատ խնդիրներ լուծվել: Ուստի լրագրողի ուսերին առկա պատասխանատվությունը շոշափելի է ու կարևոր: Ուստի ամեն մարդ չպետք է «լրագրող» դառնա՝ անկախ հանրային տեղեկատվական դաշտում շուկայական փոխհարաբերությունների բնույթից ու մոդայի տենդենցներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել