Ոսկերչության արտադրությունն աճել է 2.1 անգամ
Վերջին տարիներին ՀՀ ոսկերչական շուկան գրանցել է զգալի առաջընթաց: Ոսկերչությունը այն ոլորտներից է, որի արտադրանքը կարելի է իրացնել մի շարք երկրներում: Տեղացի մասնագետները ձեռնարկություններ են բացում Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Բեյրութում և մի շարք այլ երկրներում:
Միջազգային շուկա մտնելու հարցում մեծ է ցուցահանդես-վաճառքների դերը, սակայն գլոբալ արդյունքների հասնելու համար հարկավոր են լայնամաշտաբ գործընթացներ, որոնցից մեկը կարելի է համարել Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
Վերը նշված գործընթացները և միջազգային շուկայում առկա հաջողությունները սպասելի էին դարձնում ոսկերչական արտադրատեսակների ծավալների ավելացումը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի առաջին տասը ամիսներին Հայաստանում արտադրվել են 28 միլիարդ 379.6 միլիոն դրամի ոսկերչական արտադրատեսակներ:
Եթե համեմատենք այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կփաստենք, որ արտադրությունը աճել է 2.1 անգամ:
Միայն հոկտեմբերին արտադրության ծավալները կազմել են 2 միլիարդ 907.4 միլիոն դրամ, ինչը մեկ տարի վաղեմություն ունեցող ցուցանիշին գերազանցում է 4.4 անգամ: