Image result for կարեն կարապետյանՆոր վարչապետի գործունեությանը բավական ուշադիր հետևում եմ: Իր տիպով ու տեսակով, իմիջային ու հանրային ելույթների բաղադրիչով տարբերվում է բոլոր նախորդներից: Բիզնես կառավարչի կերպարը ու պրագմատիկի մոդելը փաստացիորեն նրա դիրքավորման առանցքն է հանդիսանում ու դա տեսանելի է ինչպես նրա խոսքում, նրա որոշումների ընդունման ոճում, քննադատության ու քննարկումների մեջ, այնպես էլ հատկապես մեդիաների հետ նրա հանդիպումների ժամանակ:

Վերջինի մասով արձանագրեմ, որ այսքան կարճ ժամանակում բավական ակտիվ շփումներ է ունեցել հեռուստալրագրողների, բոլոգերների, ապա ԱԳԲՈՒ-ի ասուլիսին հրավիրվածների, ՖԲ-ի օգտատերերի ու վերջապես ԶԼՄ-ների խմբագիրների հետ:

Եթե փորձենք մոնիթորինգի ենթարկել հանդիպումների օրակարգը և հիմնական հարցադրումների ուղղվածությունը, բացի անիմաստ ու ինքնին ենթադրելի պատասխաններով հարցադրումներից, մնացած հարցերի մի զգալի մասը տարբեր հանդիպումների ժամանակ կրկնվել է: Կարճ ու հստակ հաստատողական կամ ժխտողական պատասխանների ոճին հավատարիմ լինելով, որը բանախոսի խոսքն ու այդ խոսքի խոցելությունn էականորեն փոքրացնում է, վարչապետի հիմնական իդեան հանգել է դասական տնտեսագիտական օրենքների՝ ակտիվացնում ենք ու օրենքի առջև հավասար ենք դարձնում տնտեսական մրցակցային պայմանները բոլորի համար, բիզներսն ակտիվանում է, աշխատատեղեր են բացվում, նոր ներդրումներ գալիս, մեծանում է սպառումը, ավելանում է պահանջարկը, ապա նաև առաջարկը, մարդիկ չեն արտագաղթում....(նշված շղթայում կան բացակայող օղակներ, սակայն կարծես հիմնական հաղորդագրությունը կապված է մրցակցության ակտիվացման ու օրենքի գերակայության հետ, նշվել է):

Միգուցե դասական տնտեսագիտության առումով ներկայացվող մոդելը հիմնավոր է ու տրամաբանական, սակայն որպեսզի այն իրացվի, որպեսզի մենք կարողանանք նրա արդյունքները տեսնել, դրա համար երկար ժամանակ է պետք, բավական երկար: Տնտեսական սուր ճգնաժամի պարագայում, երբ օբյեկտիվորեն ենթադրելի կրճատումներ են սպասում պետական տարբեր ոլորտներում, ու բյուջեի ենթադրելի դեֆիցիտ է լինելու, երբ նվազելու է բնակչության սպառողական հնարավորությունները, երբ աղքատության տեմպերը ենթադրելի ավելանալու են, միջին դասի գնողունակությունը նվազելու է, իսկ արտաքին ներդրումները կապված ընդհանուր ռիսկային ներքին ու արտաքին գործոններից դժվար թե ավելանան, արդյո՞ք դասական տնտեսագիտական մեխանզիմներն իրենց սպասելի արդյունքը կտան.... միգուցե կտան, սակայն երկարաժամկետ կտրվածքով, որը կարող է շատերի համար ուշ լինել:

Պարզ է, որ ստանձնելով նման ծանր բեռ, հնարավոր չէ շատ արագ հաջողությունների հասնել, սակայն այստեղ մի շատ կարևոր բան է առկա. եթե «վարչապետի թիմը» չի կարողանում կարճաժամկետ կտրվածքով ապահովել գոնե տնտեսապես կայուն առանց դեֆիցիտի, կառավարելի ռիսկեր վիճակ, ապա պետք է ֆիքսել, որ դա ուղղակիորեն հարվածում է առաջին հերթին Կառավորությանն ու անձամբ վարչապետի ֆիգուրի նկատմամբ հանրային վստահությանը: Հանրային վստահություն, որ դեռ հույս ունի, թե անարդյունավետ կառավարման համար պատշաճ կերպով կպատժվեն մի շարք պատասխանատուներ:
Մյուս կողմից՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո վարչապետի անհաջողությունները կամ հաջողությունները ուղղակիորեն պայմանավորելու են նաև այդ կուսակցության վարկանիշի ու առաջիկա ընտրություններում դրա տատանումների բնույթը, այսինքն այս վիճակում պատասխանատվությունը կարծես կրկնապատկվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել