Ամբողջությամբ դիտեցի վարչապետ Կարապետյանի Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում բնակիչների հետ հանդիպումը: Մի բան անհերքելի է՝ վարչապետը գործի մարդ է. դեկտեմբերի 7-ին Շիրակ ժամանել էր ոչ թե պարտավորված, ինչպես նախկինում եղել է շատ ու շատ պաշտոնյաների դեպքում, այլ եկել էր լսելու շիրակցիների մտահոգությունները եւ մարզի զարգացման նրանց կոնկրետ առաջարկությունները: Այդպիսիք քիչ չէին:
Քննարկմանը որպես կարմիր թել աչքի ընկավ հետեւյալը. վարչապետը հորդորեց շիրակցիներին հույսը չկապել որեւէ ներդրողի հետ, այլ փորձել իրենց ներդրումային ծրագրերը ներկայացնել: Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը փորձեց հնարավորին շատ լսել բիզնեսմեններին հուզող հարցերը, նա կոնկրետ ծրագրերով հանդես եկողներին առաջարկեց դիմել համապատասխան նախարարություններ, խոստացավ անպայման արձագանքել յուրաքանչյուր առաջարկի:
Կառավարության կողմից յուրաքանչյուր քաղաքացու առաջարկին արձագանքելը, ինչ խոսք, նոր երեւույթ է մեր իրականությունում: Ակներեւ է, որ վարչապետ Կարապետյանի կողմից ներդրված այս մշակույթը դեռ խորթ է շատերին, հատկապես դառը փորձ ունեցող մեր քաղաքացիներին: Միգուցե այդ մասին է վկայում այն, որ երբ վարչապետը շիրակցիներին հորդորում էր դիմել այս կամ այն նախարարությանը, վերջիններս նրան տեղեկացնում էին, որ տասնյակ անգամներ իրենց առաջարկություններն ու ծրագրերը ներկայացրել են կառավարությանը, սակայն ապարդյուն:
Վարչապետը Շիրակի մարզում հատուկ ուշադրություն դարձրեց զբոսաշրջության զարգացմանը: Նա հույս հայտնեց, որ 2017-ին զբոսաշրջիկների մեծ հոսք կգա Գյումրի, պարզապես հարկավոր է նրանց հրապուրել, չթողնել, որ մեկնեն Երեւան:
Անկեղծ ասած՝ բավական դժվար է պատկերացնել, թե ինչպես է Գյումրիին հաջողվելու հրապուրել զբոսաշրջիկներին իր «ռմբահարված» փողոցներով, երբ քաղաքի բնակիչները մայթից մայթ անցնելիս ստիպված են լինում կոշիկների վրա անցկացնել ցելոֆանե տոպրակներ: Միգուցե իսկապես հասունացել է պահը, երբ մայրաքաղաքի նույն փողոցն ամեն տարի ասֆալտապատելու փոխարեն այդ միջոցներն ուղղվեն հանրապետության երկրորդ քաղաքի ճանապարհաշինությանը: