Չնայած որ համայն հայությունն արդեն 28 տարի է՝ իր ուշադրության կենտրոնում է պահում Գյումրիի, Սպիտակի և Վանաձորի երկրաշարժի հետևանքները վերացնելու խնդիրը, այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ, ցավոք, բայց դեռ շատ է անօթևանների թիվը, դեռ շատ են տնակներում բնակվողներն ու այն ոչ մարդկային պայմանները, որտեղ շարունակում են գոյատևել մեր հայրենակիցները:
Այո՛, «աղետի գոտի» արտահայտությունը մենք արդեն չենք կիրառում պաշտոնական ձևաթղթերում, բայց այն առկա է հազարավոր մեր հայրենակիցների համար:
Մարդիկ, որոնք դեռ ապրում են սարսափելի պայմաններում, երբ ձմռանն առերեսվում են սառնամանիքի հետ պայքարին... Դժվար է գտնել բառեր, մտքեր, որոնցով հնարավոր է սփոփել նրանց:
Ազգային ժողովում պարբերաբար գործընկերներիս հետ բարձրաձայնում ենք վերոնշյալ խնդիրների մասին, շարունակել և շարունակելու ենք մեր առաջարկություններն ու հարցերին գործնական լուծումներ ներկայացնելու աշխատանքները, քանի դեռ, ցավոք, կա դրա անհրաժեշտությունը:
Ինքս Ազգային ժողովում Բյուջե 2017թ-ի նախագծի քննարկումներին հնչեցրել եմ երկրաշարժի հետևաքների լուծման անհրաժեշտությունը:
Ի վերջո, դեռ որքա՞ն պետք է մարդիկ ապրեն տնակներում:
1988թ.-ի հետևանքները երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից:
Երկրաշարժը կոտրեց մեր սրտերը, բայց ոչ մեր ոգիները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել