Կյանքիս առաջին ընտրությունը 2008 թվականին էր. առավոտյան արթնացանք ու ամբողջ ընտանիքով գնացինք ընտրատեղամաս: Մինչև այդ հասցրել էի վիճել տանեցիների հետ. մեր քաղաքական հայացքները երբեք չեն համընկել: Հայրս պնդում էր, որ պետք է գնալ ընտրության` ինչ էլ լինի, պարտք ես պետությանը, պիտի քվեարկես: Գնացի, հասա ընտրատեղամաս, մեքենայից չիջա: Սիրտս ցավում էր, ինչպես լինում է վատ կանխազգացումից, երբ հստակ չես էլ հասկանում` ստամոքսդ է ցավո՞ւմ, թե ներքին ձայնդ է վատին պատրաստում: Այդ օրը քվեաթերթիկ չվերցրի ձեռքս: Գիտեի, որ ինչ-որ բան է լինելու: Գիտեի, որ պատասխանատու եմ լինելու նրա համար, ինչ լինելու է: Գիտեի ու խուսափում էի այդ պատասխանատվությունից:

Հետո հանրահավաքներ, էլի վեճեր ընկերների, հարազատների հետ... Ինչ սիրուն էր մարդկանց հավատն այդ պահին, ինչ անկեղծ էր մարդկանց մոլորությունը: Հետո կուռքերի տապալում` մյուսների ու հատկապես ինձ համար: Հետո մարդիկ, ում հավատում էի անբեկանելիորեն, օտարացան ամենաօտարից էլ շատ, հետո թշնամանքը մտավ մեր մեջ, մեր ընտանիքներ, հետո մենք բաժանվեցինք երկու մասի:

Մարտի մեկին ընկերուհուս ծննդյան օրն է: Վիճակը խառն էր, բայց որոշեցինք անպայման նշել:Վերջին ծննդյան օրն էր Հայաստանում: Երեկոյան վերադառնում եմ տուն: Տաքսու մեջ ռադիոընդունիչն ասում է` արտակարգ դրություն է: Արտակարգ դրությո՞ւն, Հայաստանո՞ւմ: Չի կարող լինել: Առաջին անգամ սկսում եմ վախենալ:

Հետո զանգ առավոտյան... Օպերան լվանում են, քաղաք չիջնես: Հետո անզորություն, հետո վախ` համարյա կենդանական, անբնական, սեփական երկրում, սեփական տանը:

Հետո հանրահավաքի գնացած ընկերներիս պատմածները, հետո զինվոր ընկերներինս: Ընդհանուր վախն ու հավատի կորուստը... ավելի հետո` ստեր, ստեր, ստեր: Ոստիկանին թշնամի կոչել, զինվորին` թուրք, հանրահավաքի գնացողին` դավաճան: Հետո` էլ ոչինչ:

Հետո արդեն որոշումների պահն էր: Կյանքը բաժանվել էր մինչև Մարտի 1 և դրանից հետո: Ես որոշեցի. փոխեցի ամեն ինչ ու խոստացա` երբեք չհավատալ մինչև վերջ ու երբեք չբաժանել մարդկանց` իմ ու օտարի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել