Image result for թուրքիաԴեկտեմբերի 10-ին Ստամբուլում կբացվի ասիական և եվրոպական ափերը իրար միացնող ստորգետնյա թունելը, որը նախատեսված է մեքենաների և մետրոյի համար։ Կառուցման փուլում թունելի անունը՝ «Avrasya Tuneli» (Եվրասիական թունել) է։
Սակայն թունելի վերջնական անվանակոչության համար Տրանսպորտի նախարարությունը իր կայքում հարցում է սկսել, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է առաջարկել իր նախընտրելի անունը։ Հարցումը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցցանցերում, որտեղ արշավներ են սկսվել թունելը այս կամ այն գործչի անունով կոչելու համար։ Զարմանալի չէ, որ ամենաշատ առաջարկված անունը «Աթաթյուրքի թունելն է»։ Աթաթյուրքը դեռևս շարունակում է մնալ հանրապետության և անկախության խորհրդանիշ հանրության մի ստվար զանգվածի մոտ, որոնցից շատերը, այնուամենայնիվ, ունեն Աթաթյուրքի կերպարի և գործունեության իրենց յուրօրինակ մեկնաբանությունը։
Սակայն ավելի հետաքրքրական է այն, որ շատ տեղերում առաջարկվում է Աբդուլհամիդ 2-րդ սուլթանի անունը։
Սա արդեն թուրքական քաղաքական մշակույթի խորքային տեղաշարժի արդյունքն է. օսմանական և իսլամական գործիչները հավասարապես «մրցում են» աշխարհիկ հանրապետության խորհրդանիշի հետ ու կարողանում են գրավիչ լինել մերօրյա թուրք երիտասարդության համար։ Առաջ էլ կար նման երևույթ, սակայն այս նկրտումները նույնիսկ խորհրդանշական մակարդակում դուրս չէին գալիս արտաքին հարթակ։
Իսկ այժմ իշխող Արդարության և զարգացում կուսակցության հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր է, որ Ասիան ու Եվրոպան կապվեն արյունոտ սուլթանի անունը կրող թունելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել