Վարչապետի բաց և հասանալի գործելաոճը շատ կարևոր է մեր երկրում փոփոխությունների համար։ Հաշվի առնելով տարիներ շարունակ հայաստանյան քաղաքական դաշտում մեդիայի և հասարակության հետ շփման մշակույթի բացակայությունը, քաղաքական գործիչների «անհասանելիությունը»՝ սա նոր և իր պտուղները տվող գործելաոճ է։ Երկար տարիներ քաղաքական գործիչները լրագրողների հետ տարրական շփման ունակություններից զուրկ են եղել, ինչն առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ այս մարդիկ զբաղված էին ամեն ինչով՝ կոռուպցիոն մութ գործարքներով, սեփական բիզնեսները հիմնելով, օրենքը խախտելով, բացի քաղաքականությունից, և ուստի ասելիք չունեին լրագրողներին, հատկապես, որ բավականին ցածր կրթական ցենզ են ունեցել որպես կանոն։ Այսպիսի գործիչները շարունակ խուսափել էին նման շփումներից, քանի որ այսպիսով ռիսկի տակ էին դնում իրենց ապօրինի գործունեությունը անխռով ծավալելու միջավայրը։
Ազնիվ լինելու համար պետք է նշեմ, որ Կարեն Կարապետյանը նման բարձր պաշտոն զբաղեցնող առաջին գործիչն է մեր երկրում, ով կոտրում է այս արատավոր պրակտիկան և մեդիայի և հասարակության հետ շփման նոր մշակույթ ստեղծում։ Իսկ մարդն, ով բաց է այս երկուսի առջև և հաճախ է հաղորդակցվում նրանց հետ, չի վախենում լրագրողների սուր հարցերից, ուստի և նշանակում է, որ ինչ-որ դրական բան արել է և կարող է հակադարձել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել