Image result for people clipartՄեզանում «դիսկուրսների» մեծ մասի մոտիվացիան «կրել - չկրել» տիրույթում է, որ փաստում է ինքնակայացման խնդիրների մասին....

Ես որևէ կուսակցության անդամ չեմ, երբեք չեմ եղել, հավանաբար երբեք չեմ էլ դառնա: Ինչով որ զբաղվում եմ, ուղղակիորեն կապված է քաղաքական և միջազգային քաղաքական վերլուծությունների, փորձագիտական մեկնաբանությունների ոլորտի հետ: Լավ է ստացվում, թե վատ, չգիտեմ: Գումարած նաև դասախոսում եմ: Այսօր հանրային դիսկուրսի ոլորտն իր մասնագիտական ու բաց հարթակներով ունի բազմաթիվ խնդիրներ. սկսած նրանից, որ, ասենք, այսօր բոլորը «քաղաքագետ» են, վերջացրած նրանով, որ վաղը «այսօրվա բոլոր քաղաքագետները» միանգամից դառնում են «ռազմական փորձագետներ, ընտրական տեխնոլոգներ, PR մասնագետներ, «վարչապետին, նախագահին, ԱՄՆ-ին ու ՌԴ-ին խորհուրդ տվողներ»» և այդպես շարունակ: Վստահ եմ՝ դուք էլ նմանօրինակ հազար խնդիր կարող եք հիշատակել:

Այսօր Հայաստանում բավական բարդ է քաղաքագիտական ու հումանիտար գիտությունների ոլորտում հիմնավոր դիսկուրս վարելը: Եթե դա վերաբերում է, ասենք, ընտրություններին, ապա ամենից հաճախ հանդիպող դիտարկումն այն է, որ «դրանք երաշխավորված կեղծվել են»: Երբ հարցադրում ես անում, թե ինչ հիմքով է նման դիտարկումը, չէ՞ որ կան, ասենք, ԵԱՀԿ մոնիթորինգի զեկույցներ կամ, ասենք, ՍԴ դիմումների շատ քիչ քանակ, դրանց ապացուցելիության բազան էլ շատ թույլ էր և այլն, ապա որպես պատասխան՝ հաճախ լսում ես ոչ ռացիոնալ, հաճախ մեղադրական, զգայական դիտարկումներ: Ու քննարկումը անցնում է այլ դաշտ:
Ես ինքս էլ գիտեմ, որ մենք ընտրությունների հետ կապված ունենք բազմաթիվ խնդիրներ, ընտրակեղծիքներ կան, ընտրակաշառքներ կան, սակայն, եթե ես ձեռքիս տակ չունեմ փաստեր, ապացուցելի իրողություններ, ես ձեռնպահ եմ մնում հաստատողական կամ «պնդողական» հրապարակային դատողություն անելուց, քանզի այն իրական, տրամաբանված դիսկուրսում փաստարկման բազայի թուլության մասով քննադատության չի դիմանա: Լավագույն դեպքում ես կարող եմ միայն խոսել կեղծիքների ռիսկերի մասին կամ նման փաստը կարող եմ չբացառել, ոչ ավելին: Կարծում եմ՝ դիսկուրսում ամենից կարևոր իրողությունն այն է, որ մենք մեր ամեն դիտարկման համար ապացուցելի, տրամաբանված, հիմնավոր հիմքեր ունենանք:

Հաջորդ խնդիրը դիսկուրսում այն է, որ եթե դու դիմացինի մոտեցման հետ համակարծիք չես, իսկ եթե դիմացինն առավել ևս ընդդիմադիր/դիմադիր հայացքների կրող է, ապա դու սովորաբար ավտոմատ կերպով դառնում ես իշխանամետ/ընդդիմադիր: :) Այսինքն՝ պիտակավորվում ես: Այս պարագայում որևէ մեկին հետաքրքիր չէ, թե քո դիտարկումը հիմնավոր է, թե ոչ: Դու այլևս դառնում ես կողմնապահ (մեզ մոտ անգամ լրատվամիջոցներն են «դիմադիր» ու «ընդդիմադիր» լինում, այն պարագայում, որ նրանց գերխնդիրը կարծեմ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացումը պետք է լինի): Մեզանում նման դիսկուրսը մի տեսակ անորակ է ստացվում: Դիսկուրսի խնդիրը պետք է լինի ճշմարտության բացահայտումը, ինչ-որ մի խնդրի լուծման մեխանիզմի ֆիքսումը, հակառակ դեպքում, եթե դիսկուրսի նպատակը «հաղթել-պարտվել» ինքնակայացմանը ձգտող մոտեցումն է, ապա նմանօրինակ դիսկուրսն անիմաստ ժամանակի կորուստ է:

Մեզանում առկա «դիսկուրսում» կա մեկ այլ խնդիր ևս՝ պիտակավորված դատողությունները: Երբ «պահպանողական»-ի հետ խոսում ես լիբերալիզմից, նա հիշում է «եվրոպական այլասերված արժեքների» մասին ու այդ պիտակային դիտանկյունից նայում հետագայում քո ներկայացրած գրեթե բոլոր դատողություններին: Երբ «լիբերալի» հետ ես խոսում պահպանողականության այս կամ այն դրական կողմից, նա քեզ մեղադրում է ոչ դեմոկրատ լինելու մեջ: Քեզ կարող են խաչին գամել, եթե դու հայտնում ես քո կարծիքը, ասենք, դեմոկրատիայի ռիսկերի մասով կամ փաստում ես, որ ասենք այսօրվա ՀՀ-ում լրջագույն խնդիրներ կան օրենքի գերիշխանության հետ կապված: :)
Նույն կերպ ՆԱՏՕ-ի կամ ՌԴ-ի վերաբերյալ քննարկումներում. այդ քննարկումները վերածվում են փոխադարձ անտագոնիստական մոտեցումների հրապարակման: «Արևմտամետ»-ի մոտ ՌԴ-ի անունն ես տալիս, կատաղում, հարձակվում է վրադ, «ռուսամետ»-ի մոտ ես սկսում խոսել ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ի կարևոր դերակատարումից, քեզ սկսում է մեղադրել «օտարամոլ գրանտակեր» լինելու մեջ: Իրականում աբսուրդ է, բայց դե...

Ու այս ամենի, պիտակավորումների, հակատրամաբանական քննարկումների մեջ իրական ու օգտակար դիսկուրսը կորում է: Այն վերածվում է ինչ-որ մարդկանց կամ իրենց կայացման կամ ինչ-որ «տեր»-երի շահերի սպասարկման անիմաստ ու անարդյունավետ գործընթացի: Մինչդեռ քննարկման իմաստը կարծես այլ պետք է լիներ:

Այսպես էլ մինչ մենք տարբեր շահերի ծիրերում սրա-նրա հետ «դիսկուրսներ» են վարում ցույց տալու համար, թե ով է «կրել», մենք ձախողում ենք այն հնարավորությունները, որ այդ քննարկումների արդյունքում կարելի էր գտնել պետության ու հասարակության զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել