Ղրղզստանի նախագահ Ալմազաբեկ Ատամբաևը հանդես է եկել բավականին տարօրինակ, ինչ-որ տեղ նաև սենսացիոն հայտարարությամբ, որտեղ նշում է, որ իր երկրում տեղակայված ռուսական ռազմաբազան իր երկրից պետք է հեռանա այն ժամանակ, երբ ավարտվի բազայի համար պայմանագրով սահմանված ժամանակը: Նախագահը սա պատճառաբանել է հետևյալ կերպ, այն է՝ Ամերիկան էլ իր հերթին այս երկրում ուներ իր ռազմաբազան՝ Հանսին, որը նույնպես դուրս է բերվել այդ երկրից այն ժամանակ, երբ ավարտվել է դրա համար նախատեսված երկու երկրների միջև կնքված պայմանագիրը: Ատամբաևը նաև նշել է, որ իր որոշման մասին տեղյակ է պահել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, և ՌԴ նախագահը հասկացել է իրեն:
Թե ինչը կարող էր նման հայտարարության տեղիք տալ, մոտ ապագայում միգուցե ավելի հասկանալի դառնա, սակայն հետաքրքիր է՝ ինչպես կպահի կամ կարձագանքի Ռուսաստանը այս իրողությանը: Ղրղստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն բավականին բարդ հարաբերություններ ունի Ուզբեկստանի ու Ղազախստանի հետ: Ամերիկյան ռազմաբազայի հեռացման պարագայում երկիրը, իհարկե, իրավուքն ունի սեփական ուժերով ամրապնդելու իր երկրի սահմանները, սակայն պարզ է, որ սրա տակ կա լուրջ քաղաքական պատճառ: Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո այդ երկիրը դեռևս դիրքորոշում չի հայտնել ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ Ասիայի երկրների վերաբերյալ: Հայկական որոշ քաղաքական շրջանակներ առիթը ձեռքից բաց չթողեցին արձանագրելու, թե Հայաստանը պարտավոր է նույն կեցվածքն ընդունել Ռուսաստանի հանդեպ ու պահանջել ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Գյումրիից: Հավանաբար նրանց առիթ էր պետք միայն: Դեռ հարց է՝ Ատամբաևը իր այդ հայտարարությունը ինչպես է մարսելու, ինչպես է մեկնաբանելու, և, վերջիվերջո, ինչպես է իրավիճակը լուծվելու: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իրավիճակն ու հինգ րոպե պակաս կախված պատերազմը մեր երկրի գլխին՝ արդյոք ժամանա՞կն է նմանատիպ հայտարարություններով փորձելու դիվիդենտ շահել ու ապակողմնորոշել հանրությանը: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս պահին և առհասարակ Հայաստանում ոչ մի օտարերկրյա ռազմաբազա էլ չլիներ, սակայն նույնիսկ ամենամոլի արևմտամետները Հայաստանում այս պահին ընդգծում են, որ, ցավոք, Ռուսաստանի ռազմաբազային այս պահին այլընտրանք չկա: Եվ ուրեմն՝ դետալների մեջ դեռևս չխորացած՝ չարժե զբաղվել դեմագոգիկ ու արկածախնդիր գնահատականեր տալով, առավել ևս, երբ դրա մասին առայժմ միայն հայտարարության պես մի բան է արվել, այն էլ՝ միակողմանի երանգով: