Աշխարհի մրցունակ տարբեր երկրներում պետությունն իր հիմքում ունի ինչ-որ ֆունդամենտալ գաղափարներ, պարադիգմներ: Խոսքն ազգային գաղափարախոսության մասին չէ: Խոսքն առավել կոնկրետ գաղափարի, երևույթի, արժեքի, միգուցե մոտեցման մասին է, որից ածանցվում են տվյալ պետության հիմքերը: Օրինակ՝ Թուրքիայում նման գաղափարի տակ կարելի է/էր դիտարկել պետության աշխարհիկության պաշտպան «սպա»-ի գաղափարը: Ռուսաստանում միգուցե նման գաղափարի տակ հասկանում են ուղղափառ-սլավոնականության մոտեցումը՝ որպես քաղաքակրթական հատուկ առաքելություն շնորհող պարադիգմ, որի իրականացումը նույնպես դրվում է սպայի ուսերին: ԱՄՆ-ում միգուցե նման գաղափարի տակ կարելի է դիտարկել իրավունքի ու ազատության կրող քաղաքացուն: Հավանաբար ամեն պետություն էլ նման գաղափար ունի, որն ածանցվում է նրա աշխարհաճանաչողությունից և գոյության բնույթից, կենսագործման առանձնահատկություններից:

Հիմա մենք ունե՞նք նման գաղափար: Ո՞րն է մեր պետության հիմքում ընկած պարադիգմը... Ի՞նչ բանալիով ենք մենք ըմբռնում մեր պետականության բանաձևը: Սա, իհարկե, հռետորական հարց է:
Մի կողմից բազմաթիվ բաղադրիչներ կարելի է բերել, կապեր տեսնել պետության ու նրանց միջև: Մյուս կողմից՝ այսօր մենք ո՛չ պետական, ո՛չ հանրային մակարդակում չունենք նման դիսկուրս: Պետության «հիմքի» ու «ապագայի» մեր պատկերացումներն անորոշ են: Դա, իհարկե, բարդ բան է. տարբեր գործոններից զատ՝ մենք ունենք մեծ սփյուռք և առաջին հերթին պետք է նախ հստակեցնենք ՀՀ - արտերկրյա հայրենակիցներ հարաբերությունների ֆորմատը, հետո խոսենք պետության բազային պարադիգմի մասին: Սակայն անհրաժեշտ հարց է: Շատերը կասեն, թե մեր պետության հիմքը մեր հավատն է, եկեղեցին, կրոնական պատկանելությունը, քիստոնեական արժեհամակարգը: Մյուսները կարող են ասել, որ դա մեր մշակութային ժառանգությունն է, մեր պատմությունը, մեր անցյալը: Վստահ եմ բազմաթիվ այլ օրիգինալ ու ոչ օրիգինալ դիտարկումներ ևս կհնչեցվեն:

Պետության հիմքում ընկած պարադիգմը այն երևույթն է, միգուցե սկզբունքը, մոտեցումը, առանց որի պետությունն իր տեսակով ու առկա բնորոշմամբ չի կարող գոյություն ունենալ: Այսինքն՝ այդ պարադիգմը պետության գոյության հիմքային հասկացությունն է: Ամենևին անհրաժեշտ չէ, որ այն լինի վերամբարձ կամ ոչ նյութական ինչ-որ գաղափար, արժեք, մոդել... Պետությունը խիստ նյութական երևույթ է, այն ունի միս ու արյուն, համակարգային բնորոշիչներ և գործընթացային բնութագրիչներ:
Ասել, որ քրիստոնեությունը, մեր պատմական անցյալը կամ մշակույթը կարող են լինել այն բազային բաղադրիչը, որոնցից կածանցվի մեր պետությունը, ես, իհարկե, զերծ կմնամ: Մեր պետության առանձնահատկություններից ելնելով՝ պետք է հասկանալ, որ այդ բաղադրիչը պետք է արտացոլի պետության գոյության առաջնային պահանջմունքը՝ անվտանգության կարիքները: Իսկ ֆիզիկական անվտանգության միակ ու անփոխարինելի երաշխավորը, հատկապես մեր դեպքում, զինվոր է՝ մասնավորապես պատասխանատու, պրոֆեսիոնալ «Սպա»-ն:

«Սպա»-ի գաղափարը, պետության պաշտպանության գործում նրա կարևորագույն դերի ու նշանակության արձանագրմամբ, կարող է լավագույնս արտացոլել ու խորհրդանշել երկրի հիմքերի անխախտելիությունը, պետության հզորության նկատմամբ մոտեցումները և ուժից բխող իրավունքի նյութականացումը: Սա, բնականաբար, ՀՀ-ի միջավայրով պայմանավորված դիտարկում է, ուր ուժեղ չլինելը հավասար է ոչնչացման: Իզուր չէ, որ ռուսների ու թուրքերի մոտ սպայի նկատմամբ վերաբերմունքը նման օրինակելի հարթությունում է:
Պետության գերակա պարադիգմի հիմքում «սպա»-ի գաղափարը դիտարկելով՝ արձանագրում ենք մեկ կարևոր իրողություն. հետայսու պատմական ճշմարտության դասին պատկանող փաստարկները ՀՀ-ի համար պետք է լինեն առոչինչ և միայն ուժի իրավունքի զորու իրատեսական կլինի պետության ոչ միայն գոյատևումը, այլ նաև զարգացումը: Իսկ սա բարդ, շատ բարդ ու տասնամյակների տքնաջան աշխատանք պահանջող գործ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել