Գյուղատնտեսական ոլորտը ՀՀ տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է: Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են վարելահողները, ինչը դրական է ազդել ստացվող բերքի ծավալների վրա: Վերը նշվածի արդյունքում ավելացել է նաև արտահանումը, սակայն անգամ նման պայմաններում պարենային ինքնաբավությունը ունի ավելացման կարիք:
Այդ նպատակով գործադիր մարմինը ընդունել է գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը, որի համաձայն՝ ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման գերակայությունները, դրանց իրականացման մոտեցումները, ակնկալվող արդյունքները:
Հայեցակարգի խնդիրներից մեկը նաև երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծումն է:
Ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում էներգետիկ արժեքով հաշվարկված կենսականորեն կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն ակնկալվում է 2021 թվականին հասցնել 74-76 տոկոսի:
Ենթադրվում է, որ սա կազդի աղքատության նվազման և գյուղական համայնքների զարգացման վրա: