Panorama.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում պարարտանյութերի շուկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հայտնաբերած խախտումները՝ նշեց, որ ինքը չէ գնահատողն ու վերլուծողը:
Դիտարկմանը, թե նախորդ կառավարությունների օրոք այս ոլորտում մրցույթներ փաստացի չեն անցկացվել, խախտումներ են եղել, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարիներին եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի: Հաջորդ տարվա համար մտածում ենք, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու: Բայց իմ տրամադրությունը ուղղված է նրան, որպեսզի շուկան բացենք և ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք: Այսինքն՝ թույլ տանք ով ուզում է, բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գնային ազդեցություն կտա շուկայում: Ֆերմերի համար պարարտանյութը չպետք է թանկանա: Ըստ դրա՝ մենք սուբսիդավորման մեխանիզմը կմշակենք այնպես, որպեսզի դա լինի ավելի թափանցիկ և հասցեական»:
Հարցին, թե իր կոլեգաներից չի՞ հետաքրքրվել՝ ինչո՞ւ է նախկինում առանց մրցույթի կազմակերպվել գործընթացը, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ես հիմա այնքան բան ունեմ անելու, որ հիմա հարցնեմ, թե ինչու է նախկինում նման բան եղել, դրա ժամանակը չունեմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



