ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ 38-ամյա Դոնալդ Թրամփ-կրտսերը, այցով գտնվում է Թուրքիայում: Այս մասին գրում է The Hill ամերիկյան թերթը։

Թրամփ-կրստերի այցը համընկել է այն պահի հետ, երբ նրա հայրը առաջին կապերն է հաստատում պաշտոնական Անկարայի հետ։ Թերթի տվյալներով՝ Թրամփի որդին Թուրքիա է ժամանալ լեռնային այծերի որս անելու համար։ Թրամփ-կրտսերը որսորդություն է իրականացրել Անթալիայի մոտ գտնվող լեռնային տարածքներում։

Սիրիայում ԱՄՆ քաղաքականության պատճառով վերջին ժամանակներս բավականին լարվել են Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունները։ Թուրքիայի իշխանությունները հույս ունեն, որ Թրամփի օրոք Անկարայի հանդեպ քննադատությունները կնվազեն։ Պարբերականը գրում է, որ գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլինը, որը կարող է դառնալ Թրամփի խորհրդականը ազգային անվտանգության հարցով, կողմնակից է Գյուլենի արտահանձնմանը Թուրքիային։

«Մենք պետք է հարցին նայենք Թուրքիայի աչքերով։ Պատկերացրեք, որ սեպտեմբերի 11-ից անմիջապես հետո իմանայինք, որ Ուսամա բեն Լադենը գտնվում է թուրքական հանգստավայրերից մեկում»,- հայտարարել էր ամերիկացի գեներալը։

Թրամփի ընտրվելուց հետո Էրդողանը հայտարարել է, որ նրանք, ովքեր ԱՄՆ-ում և Եվրոպայում բողոքում են ընտրությունների արդյունքներից, ոտնահարում են ժողովրդավարությունը՝ հիշեցնում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել