Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դեղերի շուկայի վերաբերյալ հանձնարարական տվեց:

Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա, վարչապետը  Առողջապահության նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:

Կարեն Կարապետյանը հաջորդ հանձնարարականը վերաբերում էր բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին: Մասնավորապես, բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի բարձրացման, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով՝ վարչապետը  հանձնարարեց առողջապահության նախարարին՝ մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասախանատվության ենթարկելու հարաբերությունները:

Բացի այդ, նախարարին հանձնարարվեց եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: «Գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել նաև բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել