168.am-ը գրում է.

Կլոդ Մոնեի, Ալֆրեդ Սիսլեյի եւ Ալբեր Մարկեի կորած գործերը, որոնք ենթադրաբար պատկանում էին Ֆիլիպինների դիկտատոր Ֆերդինանդ Մարկոսին եւ նրա կնոջը՝ Իմելդային, հայտնաբերվել են Բրուքլինի մի պահեստում, հաղորդում է Artnet պորտալը:
Բազմամիլիոնանոց հավաքածուն ներառում է 50 նկար: Հավաքածուի տիրապետման իրավունքի համար պայքարում է երեք կողմ. Մարկոսի վարչակարգի շուրջ 10 հազար զոհեր, որոնց ներկայացնում է փաստաբան Ռոբերտ Սվիֆտը, Ֆիլիպինների ներկայիս կառավարությունը եւ Վիլմա Բաուտիստան՝ Իմելդա Մարկոսի նախկին անձնական քարտուղարը, որը պնդում է, թե հավաքածուի ստեղծագործությունները նվեր են տրվել իրեն:
175 կտավներից բաղկացած ամբողջական հավաքածուն, որի սեփականատերն ընտանեկան զույգն էր, ներառում էր Միքելանջելոյի, Բոտիչելլիի, Կանալետոյի գործեր: 1988 թվականին Իմելդա եւ Ֆերդինանդ Մարկոսները մեղադրվեցին ԱՄՆ-ում սեփականության եւ այլ ունեցվածքի թաքցման մեջ, որը ձեռք է բերվել նրանց կողմից ապօրինի ստացված միջոցներով: Մարկոս ամուսինների կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար:
Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինները կառավարել է 1965-ից մինչեւ 1986 թվականը: