Panorama.am-ը գրում է.
Հունվար-հոկտեմբեր ամիսներին տնտեսության ակտիվության ցուցանիշի 0,4%-ի աճը խոսում է այն մասին, որ տնտեսությունն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ ներկայացնելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Նրա խոսքերով՝ եղած ցուցանիշների մեջ առավել լավ վիճակում է արդյունաբերության ոլորտը: Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 1 տրիլիոն 152 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 6,5% -ով:
Ըստ նրա՝ որոշակի դրական տեղաշարժ կա նաև արտահանման ծավալներում՝ մոտ 20%-ի չափով: Այս տարվա 10 ամիսներին արտահանվել է 1,4 միլիարդ դոլարի ապրանք և մինչև տարեվերջ այն կհասնի 1,6-1,7 մլրդ դոլարի:
Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին, ապա Վազգեն Սաֆարյանի բնորոշմամբ՝ ցուցանիշները չեն գոհացնում: «Կայուն աճ ապահովելու համար Հայաստանը պետք է ունենա արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն: ԵԱՏՄ երկրներում կա արդյունաբերության և առևտրի նախարարություն և դա նորմալ է: Այժմ ստեղծվել է մի նախարարություն, որը կոչվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, պետք է գոնե փորձենք այդ նախարարության մեջ տեսնել արդյունաբերական քաղաքականություն իրականացնողին»,- ասաց նա:
Խոսելով արտաքին պարտքից՝ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ եթե համախառն ներքին արդյունքի և արտաքին պարտքի համամասնությունը գերազանցում է 50 տոկոսը, և եթե շարունակենք այս տեմպերով վարկեր ներգրավվել, ապա, արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնությունը կմոտենա վտանագավոր սահմանագծին: Դրա համար, ըստ նրա, պետք է ՀՆԱ-ն մեծացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



