Գլոբալ տաքացման թեման շատ է անհանգստացնում մերօրյա հասարակությանը: Մեր մոլորակի բնակչության մեծ մասը կարծում է, որ դա կարևոր խնդիր է մարդկության համար: Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով կսկսեն հալվել սառույցները, որն էլ իր հերթին կհանգեցնի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը: Հսկայական տարածքներ կանցնեն ջրի տակ:
Վերջերս National Geographic-ը հետաքրքիր ուսումնասիրություններ է կատարել, որոնց հիմնական նպատակն էր պարզել, թե ինչպես կփոխվի Երկիրը, եթե սառցաշերտերը հալվեն:
Եվրոպա
Հալվելու արդյունքում Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 65 մետրով: Դա նշանակում է, որ քաղաքները, ինչպիսիք են Լոնդոնը, Վենեցիան, Ռիգան, կանցնեն ջրի տակ: Սև, Բալթիկ և Կասպիական ծովերը կմեծանան, ինչն էլ կբերի Դանիայի, Մոլդովայի, Ուկրաինայի մեծ մասի և Ռուսաստանի հարավային հատվածի անհետացմանը:

Ասիա
Շուրջ 600 միլիոն չինացիներ ստիպված կլինեն իրենց համար նոր տներ գտնել, քանի որ Չինաստանի արևելյան մասն ամբողջապես ջրի տակ կանցնի: Մայրաքաղաք Պեկինը կդառնա ափամերձ քաղաք: Տարածքի մի մասը կկորցնի նաև Հնդկաստանը: Բանգլադեշի, Կամբոջայի և մի քանի այլ ասիական կղզային երկրների մեծ մասը կխորտակվի:

Հյուսիսային Ամերիկա
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում մի քանի մեծ լճեր կառաջանան: Ալյասկան, Ֆլորիդան, Կալիֆորնիան և մի քանի այլ նահանգներ կդադարեն գոյություն ունենալ: Մեքսիկան կկորցնի իր տարածքի 20%-ը: Կանադան թեթև կորուստներ կկրի. գլոբալ տաքացումը կխլի երկրի տարածքի միայն 7%-ը:




