Araratnews.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել էինք, որ վերջին շրջանում սուր շնչառական վարակների ակտիվացում է նկատվում հատկապես մանկահասակ երեխաների շրջանում: Առողջապահության նախարարությունից ի պատասխան մեր հարցմանը, թե վիրուսային ի՞նչ ֆոն կա հանրապետությունում, պատասխանել են, որ ներկայումս հանրապետությունում վիրուսային ֆոնը հիմնականում պայմանավորված է սեզոնային բնույթ կրող սուր շնչառական վարակների հարուցիչներով. հիմնականում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը, ռինովիրուսները, ադենովիրուսները, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսները. «Հանրապետությունում վիրուսային ֆոնը պայմանավորում են նաև վիրուսային ծագման աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչները, մասնավորապես՝ ռոտավիրուսները: Այլ վիրուսներով՝ նորվոլկ, աստրովիրուս, ադենովիրուս և այլն, պայմանավորված աղիքային վարակներ ավելի հազվադեպ են արձանագրվում»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում երեխաների շրջանում բարձր ջերմությամբ ուղեկցվող փորլուծության դեպքերին, նախարարությունից araratnews.am-ին տեղեկացրեցին, որ 2012 թվականից ՀՀ-ում պատվաստումների ազգային օրացույցում ընդգրկվել է ռոտավիրուսային վարակի դեմ պատվաստումը, ինչի արդյունքում ռոտավիրուսների հիվանդացությունը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2016-ի 10 ամսվա տվյալներով նվազել է շուրջ 1,8 անգամ:
Մենք նաև հարց էինք ուղղել վերջերս բարձր ջերմության պատճառով սրտի կանգից մահացած 8-ամյա Նարեկի մահվան իրական պատճառների մասին, և արդյոք մահվան պատճառը փորլուծությունն ու բարձր ջերմությունն են եղել: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 8-ամյա Նարեկ Հայրապետյանի մահվան դեպքի կապակցությանբ իրավապահ մարմինների կողմից հարուցվել է նախաքննական վարույթ և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն, և նախարարությունը հարուցված գործի շրջանակներում որևէ միջամտություն կատարելու իրավունք չունի:



