Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացված են տնտեսության տարբեր ոլորտներում 2015 թվականին գրանցած ցուցանիշները: Զեկույցի համաձայն՝ 2015 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքի 48,1%-ը կազմել են առևտուրն ու ծառայությունների մատուցման գործունեության տեսակները։ Երկրորդ խոշոր ոլորտը կազմել են գյուղատնտեսությունը (ձկնորսության, ձկնաբուծության հետ միասին), որի տեսակարար կշիռը կազմել է 17,3% է եղել, ապա հաջորդում են արդյունաբերությունը՝ 16,3% և շինարարությունը՝ 9,5%-ով։
Մյուս ցուցանիշը, որը կարելի է առանձնացնել, վերաբերում է կրթական ոլորտին: Փաստորեն՝ 60 բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն են ստանում 84,6 հազար ուսանողներ, որոնցից օտարերկրյա ուսանողների քանակը կազմել է՝ 3798 ուսանող: Նախորդ տարի բուհերը ավարտել են 12,7 հազար ուսանող: Բուհում պրոֆեսորադասախոսական անձնակազմի քանակը 7947 է, որից գիտական աստիճան ունեն 4035 հոգի, իսկ գիտական կոչումներ՝ 3326-ը:
2015 թվականին վերականգնվել է ընդամենը 9 հա անտառ, որը զգալիորեն զիջում է նախորդ տարիների ցուցանիշին, օրինակ՝ 2013-ին վերականգնվել է 275 հա, իսկ 2014-ին 57 հա անտառ: Գրանցվել է անտառային հրդեհների 41 դեպք, իսկ անտառախախտումների՝ 317 դեպք: Մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 268,7 հազար տոննա, որը մի փոքր զիջել է նախորդ տարվա ցուցանիշին: Ունենք 7 ազգային պարկ և արգելանոց՝ 269,1 հազար հա տարածքով և 27 արգելավայր՝ 114,1 հազար հա տարածքով: