Aysor.am-ը գրում է.
Իրանն ու Ռուսաստանը շարունակում են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Հասան Ռոհանին, կարևորելով Սիրիայի հարցում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը, նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով՝ հարգելով Սիրիայի ժողովրդի իրավունքը:
ԻԻՀ նախագահը նաև իր գոհունակությունն է հայտնել Իրան-ԵԱՏՄ համագործակցության դրական ընթացքի վերաբերյալ:
Ռուսաստանի նախագահը, կարևորելով երկկողմ տնտեսական կապերի խորացումը, հավաստիացրել է, որ ռուսական խոշոր ընկերությունները պատրաստ են նավթի և գազի ոլորտում համագործակցել Իրանի հետ:
Վ. Պուտինը, անդրադառնալով Մոսկվայի տրամադրած վարկին, նկատել է, որ դրա միջոցով կիրագործվեն համատեղ երկու խոշոր նախագծերը՝ Բանդար Աբբասում էլեկտրակայանի հիմնումն ու Ինչե Բորոն-Գարմսար երկաթգծի էլեկտրականացումը:
ԻԻՀ և ՌԴ նախագահները քննարկել են նաև երկկողմ տնտեսական հարաբերություններին, բանկային ոլորտում համագործակցությանն ու վիզային ռեժիմի վերացմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ նախօրեին իրանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին հաղորդել, համաձայն որի, 2017թ. Իրանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կչեղարկվի:



