Aysor.am-ը գրում է.
Վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվել է ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևերից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնություններ ընդգրկած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը:
Մասնակցություն են ունեցել պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար մրցել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմերը:
Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող է ճանաչվել ՃՇՀԱՀ-ի թիմը, իսկ ՀԱՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրել երկրորդ տեղը:
Առաջնությանը մասնակցել են 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացել է պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր:
Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը:
Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը իրականություն են դարձել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: