Զբաղվածների 76%-ը ոչ պետական սեկտորում է
ԱՎԾ-ի կողմից հրապարակվել է «Հայաստանը թվերով-2016» զեկույցը, որում ներկայացված ցուցանիշներից կարելի է առանձնացնել մի քանիսը: Եվ այսպես՝ զեկույցի համաձայն՝ աշխատանքային ռեսուրսները 2015 թ.-ին կազմել են 2 մլն 106,6 հազար մարդ, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը կազմել է՝ 1 մլն 316,4 հազար մարդ, իսկ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը՝ 790,2 հազար մարդ: Տնտեսապես ակտիվ բնակչության թվից տնտեսությունում զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 72 հազար, իսկ գործազուրկների թիվը՝ 243,7 հազար: Տնտեսապես ակտիվ բնակչության կազմում գործազրկության մակարդակը կազմել է 18,5%:
Հետաքրքրական է, որ 2015 թվականին տնտեսությունում զբաղվածների կեսից ավելին ընդգրկված են եղել գյուղատնտեսության ոլորտում և պետական կառավարման համակարգում: Այսպես՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը տեսակակար կշիռը կազմել է 35,3%, արդյունաբերության ոլորտում՝ 11,3%, շինարարության ոլորտում՝ 4,7%, առևտուր և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 12,6%, պետական կառավարում, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 23,3%, ֆինանսական և դրան հարակից ոլորտներում՝ 3,6%, իսկ մնացածը զբաղված են այլ ոլորտներում: Այլ կերպ ասած՝ զբաղվածների 24%-ը ընդգրկված է պետական սեկտորում է, իսկ 76%-ը՝ ոչ պետական:
Զեկույցում հրապարակված ցուցանիշների համաձայն, ըստ տնտեսության գործունեության տեսակների՝ ամենաբարձր աշխատավարձ ստացել են ֆինանսական և ապահովագրության ոլորտում, որը կազմել է միջինացված՝ 391,4 հազար դրամ, ապա հանքարդյունաբերության ոլորտում՝ 360,9 հազար դրամ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 329,5 հազար դրամ: