Վերանվանել ՀՀՇ-ն և միանալ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, սովորական քայլ չէր: Այն իր մեջ պարունակում է դառը հիշողություն, որին տրվելու փոխարեն առաջ նայել էր պետք, համարձակություն ու վճռականություն՝ խոստովանելու սխալներն ու էլի առաջ գնալու, իմաստություն, որ հիմնված է սխալներից դասեր առնելու վրա ու նորից առաջ գնալու, նոր արյուն ներարկելու՝ հանձինս երիտասարդների, ու էլի առաջ գնալու ու շարունակելու այն պայքարը, որ սկսել էր ՀԱԿ-ը: 
Առաջին նախագահը Հայոց Համազգային Շարժում կուսակցության արտահերթ 18-րդ համագումարը պատմական դարձրեց, դա միաժամանակ ցավոտ խոստովանության քավարան էր, ուր ինքը բարձրաձայնում էր մեղքերը, երբ սովորական մահկանացուն կարող է ընդվզել՝ մի՞թե դա մեղք է:  «Չէ՞ր առաջացել ՀՀՇ-ի անվան նկատմամբ ալերգիա, իհա՛րկե առաջացել էր, չե՞ք հիշում դա, մինչև 2007 թիվը: Շատ բնական է: Իշխանություն ենք եղել, մեր ժողովուրդը դժվարություններ է ունեցել այդ տարիներին: Նրա համար կարևոր չէ` դու հաղթանակներ ես տարել, Ղարաբաղ ես ազատագրել, դա ոչինչ, դա քո պարտքն էր, պիտի անեիր, բայց որ մեր հացը կտրել ես, ուրեմն ես քո նկատմամբ տենց զզվանք ունեմ: Զզվում է, շատ բնական է, ես էլ կզզվեի»: Հացը կտրել ես: Թեկուզ ճակատի համար, բայց հացը կտրել ես: Ինչքան խոր կարելի է հասկանալ ժողովրդին՝ նման արտահայտություն անելու համար: Ժողովրդի կաշվի մեջ մտնել՝ նրան ոսկերչական ճշգրտությամբ բնորոշելու համար: Այո, ժողովուրդը չի ներում, երբ իր հացին են կպնում… Սա նաև հուշում է գործող նախագահին, թե ինչու ժողովուրդը ձայն չտվեց իշխանությանը…  Տեր-Պետրոսյանի անկեղծությունը հասնում է իր գագաթնակետին, ՀԱԿ –ի նախորդած շրջանը նա համարում է  «ՀՀՇ պատմության ամենախայտառակ շրջանը», քանի որ այդ շրջանում կուսակցությունը մասնակցում էր ընտրություններին և ունենում էր «խայտառակագույն արդյունքներ»: Տեր-Պետրոսյանը նույնիսկ նշեց, որ այդ շրջանում ՀՀՇ-ն վերածվել էր «գեղական կլուբի»: Այդ գնահատականն անգամ իշխանությունը չէր տա: Բայց առաջին նախագահը իրեն քննադատողների, խարազանողների ձեռքից առել է բոլոր զենքերը, և ինքն է շամփրում: Նման դեպքում ուզում ես ասել՝ այդքան խիստ մի եղիր, չէ՞ որ բոլոր կուսակցություններն էլ նման շրջաններ ունեցել են: Ունեցել ու չեն ընդունել: Ունեն ու չեն ընդունում:  ՀՀՇ-ն վերանվանելով ՀԱԿ՝ առաջին նախագահը նոր բացահայտում է անում: Փաստորեն նա քաղաքացիական, իրավատեր ու պահանջատեր հասարակություն ստեղծելու իր հինգ տարվա ջանքերը բարձր է գնահատում անգամ պատերազմը հաղթելու, Անկախություն կերտելու շրջանից: Բարձր է գնահատում, որովհետև վերջիններս իրողություն են արդեն: Սա վկայում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչքան է կարևորել քաղաքացիական հասարակություն ձևավորելու անհրաժեշտությունն ու այն պայքարը, որ օրնիբուն մղել է… Դա էլ իր հերթին խոսուն վկայություն  է, որ դա առաջին նախագահի ամենախոցելի կետն է և խաղալ այդ կետի վրա վերքի հետ խաղալ է նշանակում… Առաջին նախագահը զարթոնքի նախագահն է, ձմեռվա մեջ հանրությանը գարուն ընծայած նախագահն է, Ազատության հրապարակը նվաճած նախագահն է, և նա, ՀՀՇ-ն վերանվանելով ՀԱԿ-ի, տվեց այն պատասխանը, որը նշանակում է՝  ես տեր եմ իմ ժողովրդին… Բայց տեր եմ խոհեմաբար, սառը կշռադատությամբ և ինձ համար կարևոր չէ, թե ով է ուղղորդում ժողովրդին, կարևորը՝ նրանց՝ վերջին հանգրվանին հասցնելն է: Կարևորը պահպանելն է այն ծաղիկները, որ ինքը աճեցրել է…

Հասմիկ Բաբաջանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել