Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է միջազգային մի շարք կազմակերպություններում Միացյալ Թագավորության դերի վերանայման անհրաժեշտության մասին։
Մեյն այդ մասին հայտարարել է իր լեհ գործընկեր Բեատա Շիդլոյի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողները նրան հարցրել են, թե ինչ է ծրագրում անել Brexit-ի կապակցությամբ։
Ի պատասխան՝ Մեյը հայտարարել է. «Մենք հարկադրված կլինենք լուծել իրավական ոլորտի մի շարք հարցեր, այդ թվում նաև մեր ներքին գործերին վերաբերող հարցեր։ ԵՄ-ի անդամ լինելու ժամանակ մենք ստորագրել ենք միջազգային մի շարք համաձայնագրեր, և մենք մտածում ենք, որ մենք հետագայում կանդրադառնանք այդ համաձայնագրերին»։
Մեյը որպես օրինակ մատնանշել է Եվրոպոլի՝ ԵՄ-ի ոստիկանական ծառայության օրինակը, որի շրջանակներում Մեծ Բրիտանիան իր ՆԳՆ-ի աշխատանքը համակարգում է ԵՄ-ի երկրների հետ։
Թերեզա Մեյը Մեծ Բրրիտանիայի վարչապետ դարձել է իր կուսակից Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, ինչը տեղի էր ունեցել ԵՄ-ին անդամակցության մասին հունիսի 23-ին երկրում անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո։