Aysor.am-ը գրում է.
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար կուսակցության 16-րդ համագումարը պատմական է եղել:
«ՀՀԿ-ի պատմության մեջ սա կարևոր իրադարձություն էր, որովհետև, լինելով կանոնադրական համագումար, համագումար, որի անցկացման պարտավորությունը, նախևառաջ, օրենքից է բխում»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով՝ համագումարում իրենք կարողացան զուգակցել նաև օրենսդրական պահանջը՝ առկա քաղաքական իրավիճակի հետ կապված գնահատականներ հնչեցնելու, լուծումներ առաջարկելու:
Աշոտյանը ՀՀԿ-ին նմանեցրեց ամերիկյան քաղաքակրթությանը:
«Այն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք՝ տարբեր մարդիկ մտել են այդ մայրցամաք՝ հարստացնելով ամերիկյան մշակույթը, քաղաքակրթությունը՝ իրենց գիտելիքներով, ուժով: Այս տեսակետից ՀՀԿ-ն քաղաքական ձուլարան է, կուսակցություն, որն իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի խոշոր ալիքներ՝ կապված այս կամ այն հանրային քաղաքական գործչի մուտքի հետ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, այսօր, արդեն, Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ»,-նշեց նա:
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ իրենց կուսակցությունն ամենաճկուն կուսակցությունն է, որը կարողանում է համադրել ավանդույթներն ու նորարարությունները:



