Վերջերս իշխանության մոտ մի վտանգավոր միտում է նկատվում. նրանք այլևս ամենուր, բոլոր մակարդակներով անվերապահորեն են ընդունում, որ ունեն վստահության խորը դեֆիցիտ: Կարելի է ասել՝ լեգիտիմության ճգնաժամ կա, ու իշխանությունը դա ընդունում է: Բայց ընդունելն այլ բան է, այն շտկելն այլ բան և բոլորովին մեկ ուրիշ բան, երբ այդ վիճակը փորձում են դարձնել սովորական, ընդունելի, կարճ ասած՝ ՀՀԿ-ական գաղափարախոսները հենց հիմա զբաղված են «անվստահության լեգիտիմացման» պետության համար վտանգավոր գործով:
Նրանք արդեն քաղաքական յուրօրինակ լեզու են ընտրել, որով էլ փորձում են տոտալ անվստահությունը պայմանավորել «ցածր վստահության հասարակությամբ»՝ դրա վերաբերյալ տարատեսակ միֆեր հյուսելով, որը երբեմն արվում է չափազանց ոչ պրոֆեսիոնալ: Այսինքն՝ խնդիր է դրված այս վիճակը դարձնել նորմալ, և չեզոքացնել հասարակական հետաքրքրությունը քաղաքական երևույթների նկատմամբ, մտցնել խորը ապատիա: Բայց նրանք չեն հասկանում, որ ապատիան նույնպես քաղաքական մասնակցության ձև է, և ամենավտանգավոր ձևն է, որը կարող է կործանել ամեն ինչ: Առանց հասարակական մասնակցության չի լինում աջակցություն, իսկ առանց դրա պետությունը դատապարտված է ձախողման: Սա համակարգային օրենք է:
Ավելորդ չէ նշել, որ նույնիսկ ամենահզոր տոտալիտար համակարգ ունեցող ԽՍՀՄ-ը, որտեղ հասարակությունը քաղաքականապես պասիվ էր, փլուզվեց լեգիտիմության ճգնաժամի պատճառով նաև:
Տեղին է հիշել նաև հայտնի քաղաքագետ Հանթինգթոնին, ով ասել է, որ եթե համակարգի ճեղքերը ժամանակի ընթացքում չեն լցվում հանրային վստահությամբ, ապա խորանում են քրեական, կոռուպցիոն, մոնոպոլիստական երևույթներով ու փլուզում այն: Անշուշտ, այս թեզն ավելի լուրջ է ու հիմնավոր, քան «ցածր վստահության հասարակության» քվազիթեզը, իսկ իշխանական գաղափարախոսներն էլ չեն կարող ոտք մեկնել Հանթինգթոնի հետ:
Ի դեպ, «pax reforma»-ն էլ ավարտվեց դեռ չսկսած: